Home / Տեսանյութեր / Իշխան Զաքարյանն անձամբ պետք է ներկայացնի հաշվետվությունը, պահանջել են ԱԺ֊ում

Իշխան Զաքարյանն անձամբ պետք է ներկայացնի հաշվետվությունը, պահանջել են ԱԺ֊ում

ԱԺ-ում այսօր մեկնարկել է Վերահսկիչ Պալատի հաշվետվության քննարկումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ հաշվետվությունը չի ներկայացնելու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, քանի որ այս պահին նա գտնվում է արձակուրդում: Տարեկան զեկույցը պատրաստվում էր ներկայացնել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Պատգամավորները, սակայն, դեմ են եղել՝ ասելով, որ դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, քանի որ հաշվետվությունները պետք է ներկայացվեն միայն ՎՊ նախագահի կողմից։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ Իշխան Զաքարյանի չգալը կասկածների առիթ է տալիս, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան արգելել է ԱԺ գալ և շփվել պատգամավորների հետ:

Նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հավելել է. «Մենք ուղղակի որոշակի պայմանավորվածություններ ունեինք: Օրինակ, Զաքարյանը պետք է ներկայացներ, թե նախորդ, այսինքն՝ 2012 թվականի հաշվետվությունը, որը մենք ուղարկել էինք իրավապահ մարմիններին, ինչ վիճակագրություն ունի՝ քանի քրեական գործ կա, քանի հոգի է դատապարտվել: Սեյրան Ավագյանին այդ հարցերը ո՞նց ուղղենք»:

Գալուստ Սահակյանն ասել է, որ դատախազությունից նախկին քրեական գործերի մասին պատգամավորները կարող են հարցում անել և իմանալ առանց Իշխան Զաքարյանի՝ պնդելով, որ հաշվետվությունը պետք է ներկայացնի Սեյրան Ավագյանը։