Home / Հայաստան / Գյումրիում կանանց նվերներ կբաժանեն պետբյուջեի միջոցներով․ տորթերը՝ քաղաքապետի ընկերությունից․ «Ասպարեզ»

Գյումրիում կանանց նվերներ կբաժանեն պետբյուջեի միջոցներով․ տորթերը՝ քաղաքապետի ընկերությունից․ «Ասպարեզ»

Մարտի 8-ին Գյումրիի քաղաքապետարանը ցանկանում է 3 միլիոն դրամ արժողությամբ տոնակատարություն կազմակերպել, իսկ գումարը վերցնել քաղաքի աղքատիկ բյուջեից, գրում է «Ասպարեզ» օրաթերթը։

Նախատեսվում է տոնական տարբեր չափերի տորթերի համար հատկացնել 2 միլիոն 100 հազար դրամ, շամպայն՝ 400 հազար, ծաղիկներ՝ 200 հազար, և բացիկներ՝ 300 հազար դրամ։ Տոնակատարության համար նախատեսված գումարի տրամադրման հարցը քննարկվելու է փետրվարի 6-ին կայանալիք ավագանու նիստում։ Համաձայն նախագծի, անհրաժեշտ գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։ Թերթին հասած տեղեկություններով՝ տորթերը պատվիրվելու են քաղաքապետի սեփական ձեռնարկությունում՝ «Անուշարանում», անհայտ է, սակայն, թե ինչ կառույցներից են գնվելու ծաղիկները, բացիկներն ու շամպայնը։

Նախագիծն ավագանու անդամներին ներկայացնող քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը թերթին փոխանցել է, որ քաղաքում գործող հանրակրթական, համայնքային, պետական և ոչ պետական բոլոր կառույցների բոլոր կանանց էլ քաղաքապետը շնորհավորելու է նվերներով։ Ջիլավյանի տեղակացմամբ՝ անցած տարի 3 միլիոն դրամից քիչ գումար է հատկացվել այս միջոցառման համար, որի պատճառով որոշ կանանց նվերներ չեն հասել, և մարդիկ քաղաքապետարանին այդ մասին տեղյակ են պահել։