Home / Հայաստան / Քննիչին պարտավորեցնում են քրեական գործ հարուցել գործընկերոջ նկատմամբ

Քննիչին պարտավորեցնում են քրեական գործ հարուցել գործընկերոջ նկատմամբ

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում խարդախության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում խախտումներ են գրանցվել, այդ թվում՝ ներգրավվել են գոյություն չունեցող ընթերականեր: Այս մասին գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը: 

Վանաձորի բնակչուհի Սվետլանա Պապիկյանը հայտնել է, որ մտավախություն ունի, թե ընթերակաների փոխարեն ստորագրել է հենց ինքը՝ Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տ. Թադևոսյանը:

Պապիկյանի փաստաբանի կողմից հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բազումի անձնագրային բաժին: Հարցման արդյունքում պարզվել է, որ այդպիսի անուն ազգանունով անձանց մասին պետռեգիստրի համակարգչային պահոցում տվյալներ չկան:

Այս հարցով ՀՔԱ Վանաձորի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչ Ա. Օհանյանի կողմից կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը բողոքարկվել է, սակայն Օհանյանը երկրորդ անգամ էլ է գործը կարճել:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեկտեմբերի 12-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որով կազմակերպությունը պահանջել է վերացնել քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2014 թ. դեկտեմբերի 26-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը նախաքննության նկատմամբ դատական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է»,- գրում է կայքը: