Home / Հայաստան / «Թյուրիմացություն էր»․ «Հիմնադիր խորհրդարանի» անդամն ասել է, որ իրեն չեն ծեծել

«Թյուրիմացություն էր»․ «Հիմնադիր խորհրդարանի» անդամն ասել է, որ իրեն չեն ծեծել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր Հանրապետության հրապարակում հավաքված լրագրողներին հայտնել է, որ այսօր առավոտյան ոստիկանության մեքենայի մեջ իրեն բռնության չեն ենթարկել: «Հիմնադիր խորհրդարանն» ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սաֆարյանին ծեծել են ոստիկանության մեքենայի մեջ՝ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելիս: Նույնը լրագրողներին ասել էր նաև նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Սաֆարյանը կարծում է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր:

«Կարծում եմ, ինչ֊որ մեկը կողքից տեսել է, թե ինչպես մեքենայի մեջ ոստիկանը բռունցքներ էր ինձ ցույց տալիս՝ մոտեցնելով դեմքիս՝ սպառնալով։ Բայց հարվածներ չեմ ստացել: Կարծում եմ՝ կողքից թվացել է, որ հարվածը հասել է դեմքիս, բայց նա բռունցքները ուղղակի մոտեցրեց դեմքիս՝ ցույց տալով, թե քեզ խելոք պահի, ձայնդ կտրի» – լրագրողներին ասել է Սաֆարյանը: