Home / Հայաստան / Ադրբեջանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայաստանյան ակումբի խաղացող չդարձավ

Ադրբեջանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայաստանյան ակումբի խաղացող չդարձավ

Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Շամիլ Գուրբանովը փորձաշրջան է անցել հայաստանյան «Ուլիս» ակումբում։ Ծագումով Ռուսաստանից Գուրբանովը «Վոլգա» ակումբի սան է։

Ինչպես փոխանցում է Futbolpress.az կայքը, 22֊ամյա ֆուտբոլիստը Թուրքիայում ուսումնամարզական հավաքի ժամանակ մասնակցել է մոլդովական «Միլսամի» ակումբի հետ ստուգողական հանդիպմանը։

«Հայաստանյան ակումբի հետ պայմանագիր դեռևս չի ստորագրվել, բայց այժմ Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին գտնվում եմ նրանց տրամադրության տակ»,֊ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Qafqazinfo կայքը։

«Ուլիս» ֆուտբոլային ակումբից Epress.am֊ի հետ զրույցում հայտնել են, որ Գուրբանովը թիմին Ռուսաստանի Դաշնության անձնագրով է ներկայացել ու փորձաշրջան անցնելուց հետո նա այլևս թիմում չէ։

Ինքը՝ Գուրբանովը, նաև մեկնաբանել է հայրենակիցների քննադատությունը հայաստանյան ակումբ իր հնարավոր տեղափոխման վերաբերյալ։ Նա նշել է, որ ըմբռնումով է մոտենում իր հասցեին նման քննադատությանը․ «Դա նրանց իրավունքն է։ Բայց իմ՝ նման որոշում ընդունելը կոնկրետ պատճառներ ունի։ Իսկ Ադրբեջանի հավաքականում խաղալու հնարավորությունը ես վաղուց եմ կորցրել։ Միևնույն է, հավաքական ինձ այլևս չեն կանչի։ Ադրբեջանի հավաքականի մասին ես արդեն մոռացել եմ»,֊ ասել է ֆուտբոլիստը։

Գուրբանովի խոսքով՝ ինքը չի մտածել Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու ուղղությամբ․ «Ես ընդամենը պայմանագիր եմ ստորագրել «Ուլիս»֊ի հետ ու խաղալու եմ այդ ակումբում։ Դա իմ կարիերայում կարևոր ու նոր քայլ է»։