Home / Հայաստան / Ադրբեջանից նույնպես հայտնում են սպանված զինվորի և տուժած բնակիչների մասին

Ադրբեջանից նույնպես հայտնում են սպանված զինվորի և տուժած բնակիչների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 5֊ին հրաձգության հետևանքով վիրավորվել ու մահացել է զինծառայող Ֆարիդ Ագաևը։ Դատելով այն բանից, որ մամուլի հաղորդագրության մեջ որպես հրաձգության մասնակիցներ են նշվում «հայաստանցի օկուպանտները», խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի վրա տեղի ունեցած միջադեպին։

Նախօրեին երեկոյան Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը․ «Փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Շեքսպիր Հակոբյանը»: 

Ավելի ուշ ՀՀ Պաշտպանության նախարարությունն է հայտնել փետրվարի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ գնդակոծության ու խաղաղ բնակչի՝ 61֊ամյա Վանիկ Ղուկասյանի մահվան մասին։

Փետրվարի 4֊ին հաղորդվել էր, որ նույն օրը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա Լևոն Անդրեասյանը: 

Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին փետրվարի 6֊ին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ֊ն․ «Հայաստանի ԶՈՒ֊ն նախորդ գիշեր խոշոր տրամաչափի զենքով գնդակոծել է Թովուզի շրջանի սահմանամերձ Ալիբեյլի գյուղը»։ Նշվում է, որ արդյունքում վիրավորվել է 33֊ամյա Խաթիրա Ալիևան, հրդեհվել է Ալիբեյլի գյուղի տներից մեկը։ 

Ադրբեջանի ՊՆ֊ն պնդում է, որ «Հայաստանի զինված ուժերն ադրբեջանական Թովուզի, Ղազախի ու Գեդաբեկի շրջաններում գտնվող դիրքերի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի ու Կարմիրաղբյուրի շրջաններում ու բարձունքներին տեղակայված դիրքերից»։ 

Վերոնշյալ ռազմական գերատեսչություններն իրենց մամուլի հաղորդագրությունները եզրափակում են «հակառակորդին պատասխան կրակի միջոցով հետ մղելու» և «հակառակորդի կրած կորուստների» մասին տեղեկատվությամբ։