Home / Հայաստան / Եվրոպան, ինչպես Ուկրաինան, ԱՄՆ֊ի համար մանրադրամ է․ Իլհամ Ալիև

Եվրոպան, ինչպես Ուկրաինան, ԱՄՆ֊ի համար մանրադրամ է․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովի հետ հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության, կիսվել տպավորություններով Մյունխենյան կոնֆերանսից (Մյունխենի՝ անվտանգության հարցերով 51-րդ գագաթնաժողով ֊ խմբ․) ու անդրադարձել պետական հեղաշրջմանը, որը պետք է Ադրբեջանում տեղի ունենար 2005 թվականին։ Զյուգանովն, իր հերթին, խոսել է Հեյդար Ալիևի հետ ընկերության մասին ու իր հիացմունքն արտահայտել, թե ինչպես են Ադրբեջանում ծախսում նավթի վաճառքներից ստացված գումարները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը ԵԽԽՎ֊ում միշտ հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։ «Ռուսաստանյան պատվիրակությունն էլ մեր օգտին է քվեարկել, երբ մեզ ճնշում էին։ Իմ ճակատագիրը կապված էր ԵԽԽՎ֊ի հետ։ Ու ես մշտապես հետևում եմ այդ կազմակերպության գործունեությանը։ Այսօր ԵԽԽՎ֊ն այլևս այն չէ»։

Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հասնում է ավելի քան 3 միլիարդ դոլարի։ «Ես շատ ուրախ եմ, որ Դուք մեզ հյուր եք եկել։ Մենք պետք է ամրապնդենք նաև միջխորհրդարանական կապերը։ Մեր միջև ակտիվ երկխոսություն է ընթանում բոլոր ուղղություններով։ Չէ որ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է»,֊ ասել է երկրի նախագահը։

Այնուհետև նա կիսվել է իր տպավորություններով Մյունխենյան կոնֆերանսից, որի կենտրոնական թեման Ուկրաինայի ճգնաժամն էր։ Ալիևի կարծիքով՝ Եվրոպան իրադրությունը բավական խելամիտ է գնահատում․ «Ես Մերկելին ասել եմ, որ իրենք չպետք է գնան ԱՄՆ֊ի հետքերով։ Եվրոպան, ինչպես Ուկրաինան, ԱՄՆ֊ի համար մանրադրամ է»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ 2005 թվականին Ադրբեջանում «նույնպես գրեթե պետական հեղաշրջում տեղի ունեցավ»։ «Կաշառեցին թիմի անդամներին, երկու նախարարների, միջին օղակի մի շարք ղեկավարների։ Բայց մենք այդ վարակը դադարեցրինք։ Իսկ հիմա ամեն ինչ վերադառնում է»։ Ընդ որում, նրա խոսքով, Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը Ռուսաստանի հանդեպ բացասական զգացմունքներ չունեն․ «Նրանք առողջ մոտեցում ունեն։ Արդյունաբերողները պատժամիջոցների պատճառով հսկայական միջոցներ են կորցրել․ ո՞վ է նրանց փոխհատուցելու։ Իսկ Ռուսաստանն էլ ավելի բարդ փորձություններ է անցել»։

Գենադի Զյուգանովն, իր հերթին, պատմել է, որ Բաքվում իրեն զգում է ինչպես հարազատ ու մտերիմ մարդկանց կողքին․ «Հայրս վիրավորումից հետո բուժվում էր Բաքվում, ու ես շնորհակալ եմ, որ դուք նրան խնամում էիք։ Իսկ Ձեր հոր հետ մենք ընկերներ էինք, միասին համագումարներ էինք հրավիրում։ Մենք լավ հարաբերություններ ունեինք»։

Զյուգանովը նույնպես անդրադարձել է ԵԽԽՎ֊ում երկու երկրների համատեղ գործունեությանն ու շնորհակալություն հայտնել Ադրբեջանի պատվիրակությանը, որն աջակցել է Ռուսաստանին։ «Մենք համոզված ենք, որ Եվրասիական միությունը զարգանալու է»,֊ ասել է գործիչը։

Կոմունիստական կուսակցության նախագահն ընդգծել է, որ Բաքուն իրեն շատ է դուր եկել․ «Շատ խնամված քաղաք ունեք, հիանալի ճանապարհներ։ Ես Ռուսաստանի ղեկավարությանը համոզում եմ, որ նավթից ստացած եկամուտները պետք է ծախսել այնպես, ինչպես՝ Ադրբեջանում»։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Զյուգանովը ծաղկեպսակներ է դրել Հեյդար Ալիևի գերեզմանին ու 1990 թվականի հունվարի 20֊ի զոհերի հուշարձանին Շահիդների ծառուղում։