Home / Հայաստան / 2015-ին Սևանա լճի մակարդակը չի բարձրանա․ «Էկոլուր»

2015-ին Սևանա լճի մակարդակը չի բարձրանա․ «Էկոլուր»

2015 թվականին Սևանա լճի մակարդակը չի բարձրանա` կլիմայական փոփոխություններից ելնելով: Այս մասին Ecolur.org-ի հետ զրույցում ասել է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

«Կարծես թե, ձյան հաստությունը բավական նվազ է Գեղարքունիքի մարզում, գետերի հոսքը չի կարող բավարար լինել համապատասխան ջրբացթողումների դեպքում լճի մակարդակը բարձրացնելու առումով»,- ասել է Ղուկասյանը:

«Էկոլուրը» հիշեցնում է, որ 2014թ-ին արձանագրվել է Սևանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ․ 2014 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը նվազ է եղել 4 սմ-ով:

2014 թվականին Սևանա լճից բաց թողնվեց օրենքով սահմանված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից ավելի շատ ջուր` 270 միլիոն խմ` Արարատյան դաշտում սակավաջրության հետևանքները մեղմելու և ոռոգում կազմակերպելու նպատակով: Կառավարությունը մտադիր էր 5 տարի շարունակ Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել մինչև Կապսի, Վեդիի, Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ավարտը: Սակայն բողոքների արդյունքում գործադիրը որոշեց Սևանա լճից միայն մեկ տարով լրացուցիչ ջրառ իրականացնել: Չնայած դրան, ընդգծում է «Էկոլուրը», չինովնիկները չեն բացառում, որ սակավաջրության դեպքում 2015 թվականին Սևանից կրկին լրացուցիչ ջրառ կիրականացվի: