Home / Հայաստան / Կամ Ռուսաստանը փլուզվի, կամ Ադրբեջանի ժողովուրդը փոխվի․ ղարաբաղյան հակամարտության մասին

Կամ Ռուսաստանը փլուզվի, կամ Ադրբեջանի ժողովուրդը փոխվի․ ղարաբաղյան հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է՝ նպաստել է բանակցային գործընթացին, ներկայացրել է բոլոր ողջամիտ տարբերակները, սակայն կողմերը դրանք չեն ընդունել։ Դրանից ավել միջնորդները ոչինչ անել չեն կարող։ Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, հայ֊ադրբեջանական խաղաղարար գործընթացների մասնակից Զարդուշտ Ալիզադեն։ 

Միևնույն ժամանակ, ինչպես փոխանցում է Contact.az֊ը, փորձագետն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ֊ն, Ֆրանսիան, հետաքրքրված չեն հակամարտության կարգավորմամբ։ Ալիզադեի խոսքով՝ Ռուսաստանն սառեցնում է հակամարտությունը՝ փորձելով հետխորհրդային տարածքը թողնել իր վերահսկողության տակ․ «Ուկրաինայի իրադարձությունները դրա վառ ապացույցն են»։ 

Ըստ քաղաքագետի՝ ստատուս քվոն ի վիճակի են փոխել Ադրբեջանի ժողովուրդն ու կառավարությունը։ «Եթե Ադրբեջանը ցանկանում է ազատագրել Ղարաբաղը, ապա պետք է խորը բարեփոխումներ իրականացնի, խաղաղության ապահովմանն ուղղված քաղաքականություն վարի։ 

Կամ Ռուսաստանը պետք է փլուզվի, կամ Ադրբեջանի ժողովուրդը՝ փոխվի։ Բայց ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որն ի վիճակի է նման փոփոխություններ իրականացնել»,֊ նշել է Ալիզադեն։ 

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հասնելու համար Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի վերահսկողության տակից, ինչը երկրին թույլ կտա ավելի իրատեսական դիրքորոշում զբաղեցնել ու գնալ փոխզիջումների։

Ինչ վերաբերում է ԱՄՆ֊ին, ապա Ալիզադեն ասել է․ «Եթե Վաշինգտոնին պետք լինի, կայունությունը կարող է խախտվել, կարող են արյունալի հակամարտություններ սկսվել։ Եվ հակառակը՝ եթե պետք է, ապա խաղաղարար գործունեություն կսկսվի։ Ղարաբաղում ԱՄՆ֊ն չի անում այն, ինչ կարող էր»։

Լուսանկարը՝ Օնիկ Կրիկորյանի