Home / Տեսանյութեր / Աղմկահարույց սպանության գործով անցնողն առերեսվել է իրեն ծեծած ոստիկանի հետ, պատմել է իրավապաշտպանը

Աղմկահարույց սպանության գործով անցնողն առերեսվել է իրեն ծեծած ոստիկանի հետ, պատմել է իրավապաշտպանը

15-ամյա Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով որպես մեղադրյալ անցնող Կարեն Կունգորցևին ոստիկանությունում խոշտանգելու փաստի առիթով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)։ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը, Epress.am֊ի հետ զրույցում անդրադառնալով այդ փաստին, հիշեցրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մեկ տարուց ավելի բարձրաձայնում էր խոշտանգման փաստը, որի միջոցով ոստիկանությունում ցանկացել են Կունգորցևից իրենց անհրաժեշտ ցուցմունքը կորզել, սակայն որևէ մարմին ուշադրություն չէր դարձնում դրան։

«Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Կունգորցևին խոշտանգելու փաստը պարզելու նպատակով արդեն կատարվել է առերեսում նրա և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի միջև, ով հանդիսացել է Կունգորցևին ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը։ Կատարվել են նաև այլ քննչական գործողություններ, հարցաքննվել են տարբեր անձինք, ովքեր որևէ կերպ ներգրավված են Կունգուրցևին ծեծի ենթարկելու և գործը նրա վրա բարդելու գործում», ֊ ասել է Դանիելյանը։

Վերջինիս խոսքով՝ երբ ավարտվեց գործի նախաքննությունը և այն հանձնվեց դատարանի քննությանը, պարզ դարձավ, որ իրապես տեղի են ունեցել Կունգորցևի, ինչպես նաև բազմաթիվ վկաների՝ հիմնականում անչափահաս, իրավունքների կոպիտ և բազմակի խախտումներ:

«Չնայած գործի քննությունը դեռևս շարունակվում է, արդեն պարզ է, որ Կունգորցևին առաջադրված մեղադրանքը ակնհայտ անհիմն է, նա փաստացի անազատության մեջ է այլ անձի փոխարեն», ֊ հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիայի» ղեկավարը:

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով կալանավորվել է։