Home / Հայաստան / Եռյակի հանրահավաքը կկայանա՝ անկախ քաղաքապետարանի մերժումից, պնդում է Զուրաբյանը

Եռյակի հանրահավաքը կկայանա՝ անկախ քաղաքապետարանի մերժումից, պնդում է Զուրաբյանը

Երևանի քաղաքապետարանը մերժել է ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում շտապ հանրահավաք անցկացնելու դիմումը:

«Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին», – նշված է Քաղաքապետարանի պարզաբանման մեջ:

Այնուամենայնիվ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանրահավաքն «անկասկած կայանալու է».

«Քաղաքապետարանի տված պարզաբանումները որևէ առնչություն օրենքի հետ չունեն, քաղաքապետարանը որևէ լիազորություն՝ ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ չունի սահմանելու, թե որ իրադարձությունը կարող է շտապ հավաքի առիթ լինել, կամ թե ինչքան ժամանակ է պահանջվում արձագանքելու համար, որ դա համարվի շտապ հավաք։ Այսինքն նման որևէ մեկնաբանություն տալու, լիազորություն կիրառելու իրավասություն քաղաքապետարանը չունի, դա բացարձակապես հորինովի պատասխան է, շտապ հավաքի ինստիտուտը նշանակում է, որ եթե այդ օրը ոչ մի իրազեկում չկա, ուրեմն մենք կարող ենք այդ հանրահավաքն անցկացնել»։