Home / Հայաստան / ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակից մոտ 20 հոգու բերման են ենթարկել

ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակից մոտ 20 հոգու բերման են ենթարկել

Այսօր ժամը 18.30-ի սահմաններում «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության Աջափնյակի տարածքային գրասենյակից ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մոտ 20 հոգու: Դրսում կանգնած աշխատակիցներին ոստիկաններն ասել են, որ ահազանգ են ստացել, թե սպորտային հագուստով վեց մարդ գրասենյակի դիմաց կանգնած վիճաբանելիս են եղել, և ԲՀԿ-ականներին ոստիկանություն են տանում պարզաբանումների համար: 

Epress.am-ի տեղեկություններով` արդեն բաժնում ԲՀԿ-ականներին հայտնել են, որ իրենց բերման են ենթարկել խուլիգանության և թմրանյութեր պահելու կասկածանքով: Երբ բերման ենթարկվածները նշել են, որ իրենց նախապես այլ պատճառի մասին էին ասել, ոստիկանության աշխատակիցներն հայտարարել են, որ իրավունք ունեն նման գործողություններ իրականացնել: 

Բերման ենթարկված անձանց լուսանկարել են, մատնահետքեր վերցրել, խուզարկության ենթարկել, որի ընթացքում ոչինչ չեն հայտնաբերել: Այնուհետև ոստիկաններն արձանագրություններ են կազմել և մաս-մաս սկսել են բերման ենթարկվածներին բաժնից բաց թողնել: 

Նշենք, որ այս ընթացքում կայացել է ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման արդյունքներն առայժմ հայտնի չեն:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ավելի վաղ Azatutyun.am-ին տեղեկացրել էր, որ Դաշնակցությունը փորձում է հաշտեցնել կողմերին։

«Չհաշտվելը՝ դա նշանակում է պատերազմ, որը արդեն բանավոր մակարդակով տեղի ունի ու ինչ ասես ասվել է՝ է՛լ գող Փիսո, է՛լ քաչալ Շուն: Ամբողջ մեզ հայտնի բառապաշարը կիրառվել է», – ասել էր Ռուստամյանը: