Home / Հայաստան / Հղի կնոջ վիրահատությունը ուշացրել են, պարզել է փորձաքննությունը

Հղի կնոջ վիրահատությունը ուշացրել են, պարզել է փորձաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շարունակվում է ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2014 թվականի հուլիսի 7-ին ստացվել էր քաղաքացի Գ.Մինասյանի հաղորդումը, որ իր կինը՝ Նարինե Շարոյանը, հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի հետևանքով, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, վիրահատությունից 3 օր անց՝ 2014 թվականի հուլիսի 1-ին, նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Համաձայն փետրվարի 3-ին ստացված եզրակացության՝ կնոջ նկատմամբ «Արմավիր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։

Փորձագետների գնահատմամբ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում Շարոյանի հղիության ընթացքի հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումը կատարվել է ճիշտ, իսկ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։

Կինը 2014 թվականի հունիսի 29-ին դիմել էր «Արմավիր» բժշկական կենտրոն՝ գանգատվելով ինքնազգացողությունից: Հերթապահ բժշկի կողմից հետազոտվելու արդյունքում նրա մոտ ախտորոշվել է՝ «Հղիություն 19-20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպի արգանդի վրա կեսարյան հատումից հետո»:

Ապա նա ընդունվել է ինֆեկցիոն բաժանմունք՝ ինֆեկցիոնիստի կոնսուլտացիայի նպատակով, սակայն չի հետազոտվել ինֆեկցիոնիստի կողմից:

Հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը՝ առավել ևս՝ «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշմամբ, ըստ փորձագետների, անհրաժեշտ էր նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ՝ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները։

Սակայն միայն մի քանի ժամ անց հղի Նարինե Շարոյանի մոտ գինեկոլոգի կողմից ախտորոշվել է «ընկերքի շերտազատում և մասիվ (զանգվածային) արնահոսություն»: Այդ ժամանակ ձեռնարկված բուժական միջոցառումները եղել են լրիվ ծավալով և ճիշտ, սակայն՝ ուշացած։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ կնոջ բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին մանկաբարձական բաժանմունքում, այլ ոչ թե՝ ինֆեկցիոն բաժանմունքում, որն էլ պատճառ է հանդիսացել Նարինե Շարոյանի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը և նրա մոտ ծանրագույն բարդությունների առաջացմանը, ինչն էլ հետագայում, չնայած ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու կնոջ կյանքը:

Նկատի ունենալով, որ փորձագետների գնահատմամբ բժշկական բացթողումները եղել են «Արմավիր» բժշկական կենտրոնում՝ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղ այն ընդունվել է վարույթ։