Home / Հայաստան / Վարչապետը չկատարեց խոստումը. նաիրիտցիները գնացին նախագահի նստավայրի մոտ

Վարչապետը չկատարեց խոստումը. նաիրիտցիները գնացին նախագահի նստավայրի մոտ

Վերջին մեկ շաբաթվա ամեն աշխատանքային օր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներն այսօր վարչապետից պատասխան չստացան, թեև Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ուրբաթ օրը, այսինքն՝ այսօր, պատասխանել իրենց պահանջ-նամակին:

Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են Կառավարությունից հստակ ժամանակացույց տալ՝ երբ ու ինչ պարբերականությամբ պետք է մարվի իրենց պարտքը։

Ավելի վաղ նամակին գրավոր պատասխանել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով միայն, որ փետրվարի 25-ին գործարանի աշխատակիցները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ, իսկ մյուս գումարների վճարումը կախված է գործարանի գույքի օտարումից:

Կառավարությունից խոստացված պատասխանը չստանալով՝ նաիրիտցիներն ուղևորվել են դեպի նախագահական նստավայր՝ վանկարկելով «պարտքի մարում»:

Ինչպես Epress.am-ին հայտնել է գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիաները շարունակական են լինելու:

Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են 18 ամսվա չվճարված աշխատավարձերը։ «Նաիրիտի» աշխատակիցների խնդիրների մասին՝ այստեղ։