Home / Տեսանյութեր / Դատախազությանը խնդրում են չհովանավորել վաշխառուներին․ բաց նամակ

Դատախազությանը խնդրում են չհովանավորել վաշխառուներին․ բաց նամակ

«Վելես» հասարակական կազմակերպությունն ամիսներ շարունակ իրականում պայքարել է ոչ թե վաշխառուների և խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող դատախազության ներկայացուցիչների դեմ: Այս մասին ասված է վաշխառուների գործողություններից տուժած անձանց խնդիրներով զբաղվող «Վելես» ՀԿ֊ի նախագահ Մարինա Պողոսյանի (լուսանկարում) բաց նամակում, որը հղված է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։

«Ավելին՝ առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաև անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր և անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ», ֊ նշում է Պողոսյանը:

Նա ընդգծում է, որ խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:

«Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ, և մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցե և հովանավորել մի քանի ընտանիքների կողմից վաշխառության մեջ մեղադրվող անձանց և պատշաճ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ», ֊ ընդգծում է ՀԿ֊ի ղեկավարը:

Նամակում նշվում է, որ մեկ այլ գործով դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ և բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է Երիցյանին և Այվազյանին:

«Այս պարագայում վերջիններիս կամքը իրականացնող (ամենևին ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ և 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը ևս կարճվել է և կարճման օրինականությունը կրկին հաստատվել է դատախազության կողմից:

Ավելի քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է առանց որևէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեև գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթև ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը ևս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով ևս կապացուցվի դատախազության անգործությունը», ֊ ընդգծում է Պողոսյանը:

Նամակում վերջինս հույս է հայտնում, որ Գևորգ Կոստանյանի կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազն անձամբ բացահայտի, թե նրա գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ զույգին և «ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը»:

Պողոսյանը նաև պատրաստակամություն է հայտնում Կոստանյանին ներկայացնել ինչպես վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով դատախազության անգործությունն ապացուցող փաստեր և փաստաթղթեր: