Home / Հայաստան / Ռուսաստանը իջեցրեց գազի գինը Թուրքիայի համար

Ռուսաստանը իջեցրեց գազի գինը Թուրքիայի համար

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 10.25%-ով նվազեցրել է բնական գազի գինը Թուրքիայի համար։ Այնուամենայնիվ, թուրքական լիրայի շարունակական արժեզրկման պատճառով, հաճախորդները կրճատումից չեն շահի։ Today's Zaman կայքի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ՝ փետրվարի 27֊ին, հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

Նախարարի խոսքով՝ անցած տարի իրենք հույս ունեին, որ Ռուսաստանը կհամաձայներ 15 տոկոսանոց զեղչի, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ․ դեկտեմբերին հայտարարեց, որ գինը 2015֊ի հունվարին կիջեցվի 6 տոկոսով։ Կայքը նշում է, որ 10․25 տոկոսը վկայում է այն մասին, որ Թուրքիային ու Ռուսաստանին հաջողվել է գնի կրճատման վերաբերյալ հայտարարի գալ թվերի միջնահատվածում։

Ըստ Յըլդըզի՝ Թուրքիայի խողովակաշարերի կորպորացիայի (BOTAŞ) ու ռուսական «Գազպրոմ»֊ի միջև բանակցություններն ավարտվել են փետրվարի 26֊ին։

«Զեզչը, սակայն, դեռևս անբավարար է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կրած կորուստները վերացնելու համար»,֊ ասել է նախարարը՝ հավելելով, որ լիրան վերջին երեք ամիսներին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 12․6 տոկոսով։

Նշենք, որ Ռուսաստանի կողմից գազի գինը նվազեցնելը էներգետիկ ոլորտում ռուս֊թուրքական համագործակցության քայլերից մեկն է։ Ավելի վաղ՝ 2014թ․ դեկտեմբերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կասեցնելով «Հարավային հոսք» նախագիծը, որով նախատեսվում էր Ուկրաինայի տարածքը շրջանցող ճանապարհով տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ, հայտարարել էր, որ «Գազպրոմը» մտադիր է «Հարավային հոսքի» փոխարեն կառուցել նոր գազատար Թուրքիայի տարածքով։