Home / Հայաստան / «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատողներին ազատում են օրենսգրքի խախտումներով․ «Հրապարակ»

«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատողներին ազատում են օրենսգրքի խախտումներով․ «Հրապարակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են իրականացվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ որոշ լուրերով աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ:

Լրատվականի աշխատակիցներին ազատման մասին տեղեկությունը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում գտնվող Իվետա Տոնոյանը (նաև ԲՀԿ մամուլի խոսնակ ֊ խմբ․), ով ժողով է հրավիրել և ասել է, որ դժվարությամբ է գնացել այդ որոշմանը:

«Աշխատակիցներն աշխատանքից ազատվել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով. նրանց վաղօրոք չէին հայտնել աշխատանքը կորցնելու և դրա պատճառների մասին: Մեզ տեղեկություններ են հասել նաև, որ աշխատանքից չազատված աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցվելու են», ֊ գրում է «Հրապարակ»֊ը:

Թերթը փորձել է տեղեկությունները ճշտել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Գոռ Մարտիրոսյանից, ով ասել է. «Ձեր ինֆորմացիան սխալ է, ես հիմա զբաղված եմ, երկուշաբթի զանգահարեք՝ օրվա առաջին կեսին, կպատասխանենք»։

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության հանգուցալուծումից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության կուռացիան իրականացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում