Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը և ընկերները դիմել են Վճռաբեկ դատարան

Շանթ Հարությունյանը և ընկերները դիմել են Վճռաբեկ դատարան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօր վճռաբեկ բողոք է ուղարկվել՝ արդարացման պահանջով: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ վերաքննիչի վճիռը բողոքարկել են բոլոր 14 քաղաքացիները:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած վճիռը: Դատարանը Հարությունյանին և ընկերներին մեղավոր էր ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: