Home / Հայաստան / ԱԺ֊ն խոշոր արտահանողների համար արտոնություններ սահմանեց

ԱԺ֊ն խոշոր արտահանողների համար արտոնություններ սահմանեց

68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում ընդունել է «Շահութահարկի մասին» նոր օրենքը, որով խոշոր արտահանողները 20 տոկոսի փոխարեն ընդամենը 2 տոկոս շահութահարկ են վճարելու:

Քվեարկության մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն, քանի որ հարգելի պատճառներով չեն հասցրել ծանոթանալ նախագծին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած քառօրյային ԲՀԿ֊ական պատգամավորները բոյկոտել էին նիստերը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ օրենքը փորձ է մենաշնորհելու նաև արտահանումը: Նրա խոսքով՝ օրենքով փոքր և միջին գործարարների համար հարկային բեռը մեծացվելու է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ նախագիծը փոփոխվել է․ եթե նախագծի սկզբնական տարբերակով առաջարկվում էր շահութահարկի արտոնություն տրամադրելու համար անհրաժեշտ շեմ սահմանել 50 միլիարդ դրամի չափով արտահանումը, ապա նոր օրինագծով 40 միլիարդ է սահմանվել: Փոփոխված օրինագիծը նաև թույլ է տալիս նշված ծավալի արտահանում ցույց տալու համար ընկերություններին միավորվել խմբերով: Ինչևէ, խմբերի ստեղծման կարգը նախագծում նշված չէ:

Նշենք, որ նախորդ շաբաթ «168 ժամ» պարբերականը գրել էր, որ օրենքը ընդունվում է ի շահ Հայաստանում ցեմենտ արտադրող ընկերությունների։