Home / Հայաստան / Չինական ընկերությունը չի հրաժարվել խնդրահարույց Հրազդանի երկաթի հանքը շահագործելու մտքից․ ecolur.org

Չինական ընկերությունը չի հրաժարվել խնդրահարույց Հրազդանի երկաթի հանքը շահագործելու մտքից․ ecolur.org

Չինական «Ֆորչուն օյլ» ընկերությունը չի հրաժարվել Հրազդանի երկաթի հանքը շահագործելու մտքից: Այս մասին գրում է Ecolur.org կայքը՝ հղում անելով Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցին:

Հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ «Երկաթի հանքավայրի համար, որտեղ բաժնեմաս ունեք, ներդրող գտնվե՞ց, որովհետև չինացիները, ոնց որ այն ժամանակ էլ խոսեցինք, խուսափեցին», Այվազյանը պատասխանել է. «Չեն խուսափել, իրենք շարունակում են աշխատել»: «Ֆորչուն Օյլ» ընկերությունը հանքի բաժնետոսմերը ձեռք էր բերել Այվազյանի ընտանիքին պատկանող «Նագին» ընկերությունից 2011 թվականին։

Այվազյանն ընդգծել է, որ «Ֆորչուն Օյլը» մինչ այժմ էլ հանդիսանում է հանքի սեփականատերը, իսկ իր որդին հանքում «ունի ընդամենը 20 տոկոս»։

«80 տոկոսը «Ֆորչուն օյլ»֊ինն է: Ու եթե այդ երկաթի հանքերը իմս են, իրանցը չեն, շնորհակալություն նվերի համար», – հայտարարել է Այվազյանը:

«ԷկոԼուրը» հիշեցնում է, որ «Ֆորչուն Օյլ»-ը մտադիր էր 2012 թվականին սկսել ձեռնարկության ենթակառուցվածքների կառուցումը, իսկ 2014 թվականին սկսել է երկաթի արտադրությունը։ Ընկերությունը բախվել է հասարակության դիմադրությանը, Հրազդանում հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել։

Դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունում հանրային քննարկումների ժամանակ պարզվել էր, որ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման համար թույլատրող փաստաթղթերի փաթեթը ժամկետնանց է, և որ հանքարդյունահանումը կատարվելու է Հրազդանը և մասնակիորեն Երևանը սնուցող ջրային աղբուրների տարածքում: Մասնագետները նշում էին խմելու ջրի հնարավոր կորստի տարբեր ցուցանիշներ`40-ից մինչև 60%:

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պահանջել է հետ կանչել 2012թ-ին հոկտեմբերի 20-ին «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությանը տրված լեռնահատկացման ակտը, լուծարել նույն թվականին կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը և անվավեր ճանաչել «Նագին» ընկերության կողմից «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիան:

Վարդան Այվազյանը հաղորդման ընթացքում նշել է, որ թեև աշխատանքներն այս պահին դադարեցված են, բայց ներդրումային ծրագիրը շարունակվում է՝ չինական ընկերությունը ցանկանում է Վրաստանի Ռուսթավիի գործարանը շահագործել, իսկ հումքը Հայաստանից այնտեղ ուղարկեն։