Home / Հայաստան / Մարտի 5-ին Ծառուկյանը կհայտարարի քաղաքականությունը լքելու որոշման մասին․ Մելքումյան

Մարտի 5-ին Ծառուկյանը կհայտարարի քաղաքականությունը լքելու որոշման մասին․ Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության՝ մարտի 5֊ին կայանալիք համագումարին կհայտարարի ԲՀԿ֊ի նախագահի պաշտոնից հրաժարվելու և քաղաքականությունը լքելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 4֊ին, Ազգային Ժողովում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանը նաև կհրաժարվի պատգամավորական մանդատից։ «Կարծում եմ՝ նա ժամանակավորապես կհեռանա»,֊ ասել է Մելքումյանը։ Ըստ նրա՝ նախկին արտգործնախարար, ԲՀԿ֊ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս կլքի ԲՀԿ֊ն։

Պատգամավորը նշել է, որ նախագահի պաշտոնում Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Նաիրա Զոհրաբյանը։ Վերջնական որոշումը կկայացվի ԲՀԿ համագումարի ժամանակ։