Home / Տեսանյութեր / Ոստիկանական պատնեշ նախագահականի մոտ՝ միայն զոհվածների մայրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանական պատնեշ նախագահականի մոտ՝ միայն զոհվածների մայրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր նախագահական նստավայրի մոտ ոստիկանության աշխատակիցները կրկին պատնեշ էին կազմել և թույլ չէին տալիս բանակում զոհված զինվորների ծնողներին անցնել Բաղրամյան 26-ի մայթով: Միևնույն ժամանակ, այլ քաղաքացիներ ազատ տեղաշարժվում էին նշված մայթով, իսկ ոստիկաններն իրենց պահվածքը բացատրում էին նրանով, որ զոհված զինվորների ծնողները պատրաստվում են կանգնել նախագահական նստավայրի դիմաց և ակցիա անել:

«Էլի են եղել դեպքեր, երբ ասել են, որ գնում են նամակների բաժին, բայց կանգնել են նախագահականի դիմաց, իսկ դա չի կարելի, նախագահականը ռեժիմային օբյեկտ է»,- ասել է ոստիկան Մադաթյանը:

Բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի զանգից քիչ անց նախագահականի մոտ են ժամանել իրավապաշտպաններ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Գոհար Սարգսյանը նրանց հայտնել է, որ այս դեպքում ոստիկանների մտավախությունը անհիմն է: «Մենք ոչ պաստառներ ունենք մեր ձեռքերում, ոչ նկարներ: Մենք գնում ենք նամակների բաժին՝ չորս ամիս առաջ մեր գրած նամակի պատասխանը պահանջելու»,- ասել է տիկին Սարգսյանը: Նամակում ծնողները Սերժ Սարգսյանից պահանջել են հանդիպել իրենց հետ և արդար լուծում տալ զոհված զինվորների քրեական գործերին։

ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի ղեկավար Ռաֆայել Պողոսյանի հետ բանակցություններից հետո անգամ ոստիկանները հրաժարվել են բացել ճանապարհը, իսկ ինքը՝ Պողոսյանը, զոհվածների ծնողներին պարզաբանել է, որ ՄԻՊ գրասենյակը չի կարող պարտադրել ոստիկաններին որևէ բան անել:

«Փաստորեն, ՄԻՊ գրասենյակը ձևական բնույթ է կրում: Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքներն էլ են ոտնահարվում»,- ասել է զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Գոհար Սարգսյանը ՄԻՊ աշխատակիցներին նաև տեղեկացրել է, որ իր և մյուս ծնողների նկատմամբ բռնության գործով ծառայողական քննության արդյունքում երկու ոստիկանի նկատողություն է արվել՝ էթիկայի նորմերը ոտնահարելու հիմքով: Սարգսյանի գնահատմամբ՝ դա ձևական որոշում է, քանի որ իրենցից յուրաքանչյուրի նկատմամբ բռնություն է կիրառել առնվազն երկուական ոստիկան:

ՄԻՊ աշխատակիցը վստահեցրել է, որ իրենք ևս զբաղվում են այդ դեպքով, ոստիկանությունից ստացել են որոշակի պատասխան, սակայն դա իրենց չի բավարարել, և իրենք նոր հարցադրումներ են ուղարկել: Պողոսյանը, սակայն, հրաժարվել է գործի մասին մանրամասներ հաղորդել։