Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանի գործով նիստը՝ առանց մեղադրյալի, մեղադրողի և պաշտպանի

Հայկ Կյուրեղյանի գործով նիստը՝ առանց մեղադրյալի, մեղադրողի և պաշտպանի

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների աջակից Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր մեկնարկել է դատարկ դահլիճում: Դատարանին չհարգելու պատճառաբանությամբ (մեղադրյալը ոտքի չէր կանգնել) Կյուրեղյանը դեկտեմբերի 17-ի նիստին 10 դատական ժամով հեռացվել էր դահլիճից։ Այսօր դատարան չէր եկել դատախազը, ինչպես նաև Կյուրեղյանին կցված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը: Նախորդ նիստին պաշտպանը հայտարարել էր, որ չի կարող ներկայացնել Հայկին, քանի որ վերջինս պաշտպանից հրաժարվել է: Դատավոր Արմեն Բեկթաշյանը (լուսանկարում) նման պայմաններում հետաձգել է նիստը։

Դատարանի դահլիճ չի մտել նաև Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ով միջանցքում էր և չէր ցանկանում մասնակցել նիստին, որն, իր խոսքով, դեմագոգիա է:

Արմենակ Կյուրեղյանը Epress.am-ին ասել է, որ առայժմ հայտնի չէ՝ ինչպես է լուծվելու իրավաբանական կազուսը. առանց մեղադրյալի կամ նրա ներկայացուցչի նիստ չի կարող գումարվել, դատարանը թույլ չի տալիս Հայկին ներկա լինել, վերջինս էլ փաստաբանի լիազորել չի ցանկանում:

Նախորդ նշանակված նիստը ևս չէր կայացել դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին, սակայն հետագայում հարուցված գործը կարճվել է։