Home / Հայաստան / Հայաստանի և Հունգարիայի իշխանություններում կանանց թիվը փոքր է․ ԵԽԽՎ նախագահ

Հայաստանի և Հունգարիայի իշխանություններում կանանց թիվը փոքր է․ ԵԽԽՎ նախագահ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը հանդես է եկել քաղաքականությունում կանանց ներկայացվածությունը մեծացնելու անհրաժեշտության մասին ելույթով։

«Որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ՝ ցանկանում եմ ընդգծել այն փաստը, որ ավելի ու ավելի մեծ թվով կանայք են գլխավորում ազգային խորհրդարանները Եվրոպայի խորհրդի երկրներում։ Դա վերաբերում է թե Ռուսաստանին, որտեղ, ինչպես գիտենք, կնոջ կողմից է ղեկավարվում ՌԴ Դաշնության խորհուրդը, ինչպես նաև Ավստրիային, Բուլղարիային, Իտալիային, Լատվիային, Լիտվային, Նիդերլանդներին, Պորտուգալիային ու Սերբիային։ Ես ինքս գլխավորել եմ Լյուքսեմբուրգի խորհրդարանը»,֊ հայտարարել է Բրասյորը մարտի 8֊ին՝ նշելով, որ կանանց թիվը խորհրդարաններում պետք է աճի։

ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում և Հունգարիայում, իշխանությունում կանանց ներկայացվածությունը չափազանց փոքր է (10%)։ ԵԽԽՎ֊ում կանայք կազմում են 34%։ Բրասյորը նաև ընդգծել է, որ Վեհաժողովի ձևավորման կանոնները պահանջում են պատվիրակների շրջանում կանանց լայն ներկայացվածություն։ Այդ կանոնին չենթարկվելը հանգեցնում է նիստում պատվիրակության լիազորությունների անվավեր ճանաչելուն։