Home / Հայաստան / Ակտիվիստին բաց են թողել ստորագրության դիմաց․ ոստիկանությունը պնդում է՝ նա հետախոզվում էր ՌԴ֊ում

Ակտիվիստին բաց են թողել ստորագրության դիմաց․ ոստիկանությունը պնդում է՝ նա հետախոզվում էր ՌԴ֊ում

Այսօր վաղ առավոտյան ձերբակալել են քաղաքացի Արսեն Օհանյանին, ով 2013 թվականի ամռանը ակտիվորեն մասնակցում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ կազմակերպվող ակցիաներին: Մի քանի ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո ակտիվիստին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնի։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ին հայտնել է, որ Օհանյանը հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի մեղադրանքով՝ գողություն: Ըստ քրեական գործի՝ հանցագործությունը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասում:

Մալխասյանի խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ ինչպես կշարունակվի քրեական գործի քննությունը:

«Դա արդեն մեր Դատախազության և ՌԴ դատախազության որոշելիքն է և ոստիկանության իրավասություններից դուրս»,-ասել է Արմեն Մալխասյանը:

Օհանյանի ընկերը, ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների մեկ այլ ակտիվ մասնակից Վահագն Մինասյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ընկերոջ բերման ենթարկելը կապված է վերջինիս քաղաքացիական ակտիվ գործունեության հետ:

Մինասյանի խոսքով՝ Օհանյանը առանց որևէ խոչընտոդների մեկնել էր Մեծ Բրիտանիա, և եթե ոսիտկանության վարկածը, թե իբր նա հետախուզվում էր ԱՊՀ տարածքում, ճիշտ լիներ, նա չէր կարողանա ճանապարհորդել: