Home / Հայաստան / Մի քանի հայեր հավակնում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր դառնալ

Մի քանի հայեր հավակնում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր դառնալ

Թուրքիայում հունիսի 7֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, հայտնում է Today's Zaman կայքը։

Մասնավորապես, մեծ թվով Թուրքիայում բնակվող հայեր իրենց թեկնածությունն առաջարկել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ցուցակում ընդգրկվելու համար:

Այսպես, պատգամավորի մանդատ է հավակնում ստանալ Կարո Փայլանը, ով հանդիսանում է «Յեշիլքյոյ» հայկական դպրոցի գործադիր խորհրդի, ինչպես նաև՝ ԺԴԿ֊ի կենտրոնական գործադիր խորհրդի անդամ։ ԺԴԿ֊ից թեկնածու դառնալու հայտ են ներկայացրել նաև Մուշի հայկական միության փոխնախագահ Նվարդ Բաքըրջըօղլուն (լուսանկարում), ով նախկինում իր թեկնածությունն էր ներկայացրել Բաքիրքյոյի քաղաքապետի ընտրություններում, և Դերիքում բնակվող երեք հայերից մեկը՝ Զեքերիա Սաբունջին։

Թալին Էրգյունեշը միակ հայն է, ով հայտ է ներկայացրել ընդդիմադիր, քեմալիստական Ժողովրդական հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։

Իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավորության թեկնածու դառնալու 6223 թեկնածուներից միայն երկուսն են ներկայացնում փոքրամասնական խմբեր։ Նրանցից մեկը կառավարամետ «Սաբահ» և «Ենի Շաֆաք» օրաթերթերի սյունակագիր Մարգար Եսայանն է, մյուսը՝ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի փոխնախագահ Հերման Բալյանը։