Home / Հայաստան / Հայաստանում ՀԿ֊ները կտրված են հասարակությունից․ ուսումնասիրություն

Հայաստանում ՀԿ֊ները կտրված են հասարակությունից․ ուսումնասիրություն

Հայաստանում ՀԿ֊ների ոլորտը շարունակում է կտրված մնալ հանրությունից, վկայում են Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի (ԹՀՀԿ) իրականացրած՝ «Հայաստանի Քաղաքացիական Հասարակությունը 20 տարի անցումային շրջանից հետո. Դեռևս հետ-խորհրդային» ուսումնասիրության արդյունքները։ Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ հասարակական կազմակերպությունների նկատմամբ վստահությունը ցածր է ու շարունակում է անկում ապրել։ ՀԿ֊ներն էլ կամ գերագնահատում են հանրային վստահության աստիճանը, կամ այն որակում անէական իրենց գործունեության համար։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հանրային անվստահության մթնոլորտն ու ներգրավվածության բացակայությունն անառողջ միջավայր են ստեղծում ՀԿ֊ների համար ու նվազեցնում դրանց գործառնական կարողությունները:

ԹՀՀԿ֊ն իր եզրակացություններն է անում 2012֊2014 թվականներին իրականացված Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեության ուսումնասիրության հիման վրա։ Ուսումնասիրությունը վկայում է՝ Հայաստանում ՀԿ֊ների նկատմամբ վստահությունն անկում է ապրում 2009 թվականից սկսած։ ՀԿ֊ներին ավելի քիչ են վստահում, քան՝ տեղական իշխանություններին ու ԶԼՄ֊ներին։ Մարդկանց մեծ մասը համոզված է, որ ՀԿ֊ների ազդեցությունը սոցիալական խնդիրների վրա սահմանափակ է, եթե ոչ՝ գոյություն չունեցող։ 

Անցկացված հարցազրույցները բացահայտել են, որ ՀԿ֊ների ղեկավարները համոզված են՝ իրենց կազմակերպություններին վստահում են, մինչդեռ հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ ՀԿ֊ները գերագնահատում են իրենց հանդեպ վստահության աստիճանը։ 

Իբրև հնարավոր անվստահության պատճառներ՝ ՀԿ֊ների ղեկավարները նշել են կառավարության գործունեությունը, երկրի սոցիալ֊տնտեսական պայմանները, կամ ժողովրդի «մտածելակերպը»։ Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ինքնաքննադատությունն իսպառ բացակայում է։ 

Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նաև դրական միտումներ է բացահայտել։ Հայաստանն ունի կամավորության ամենաբարձր ու աճող մակարդակը տարածաշրջանում։ Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը ներգրավված է կամավորական աշխատանքների մեջ, ու այդ կամավորական աշխատանքի մոտ կեսը տեղի է ունենում կազմակերպություններից դուրս։ 

Հայաստանում նաև զարգացում է ապրում կոնկրետ խնդրի լուծմանն ուղղված քաղաքացիական ակտիվիզմը։ Այն հիմնականում ինքնաբուխ է, առաջնորդվում է երիտասարդության կողմից՝ սոցիալական մամուլի աջակցությամբ։ ՀԿ֊ների ղեկավարների ու կամավորների հետ հարցազրույցները վկայում են, որ քաղաքացիական ակտիվիզմն ու «նոր երիտասարդ սերունդը» քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հույսի աղբյուրն են։ Հետազոտության հեղինակներն ընդգծում են՝ որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը վերածնունդ ապրի ու ներգրավի հասարակության ավելի լայն զանգվածի, այս նոր ալիքը պետք է խնամքով մշակվի։ ՀԿ֊ները կարող են օգուտներ քաղել քաղաքացիական ակտիվիզմի զարգացումից, բայց այդ օգուտները ավտոմատ կերպով չեն հայտնվելու։ Նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ «հին» ՀԿ ոլորտի ու «նոր» քաղաքացիական ակտիվիզմի միջև առկա է թե համագործակցություն, թե լարվածություն։