Home / Հայաստան / Քաղաքապետին փոխելու հնարավորությունից զրկված արմավիրցիները հիասթափված են․ քննարկում

Քաղաքապետին փոխելու հնարավորությունից զրկված արմավիրցիները հիասթափված են․ քննարկում

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը հիասթափություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարել է Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ իրենց շարժումը քաղաքում անանուն հարցում է նախաձեռնել, որը բացահայտել է՝ քաղաքացիները հիասթափված են, խոսում են քաղաքում ստեղծված վախի մթնոլորտի մասին, իսկ այն հարցին, թե որն է ստեղծված իրավիճակից ելքը, մեծ մասը պատասխանել է՝ հեղափոխությունը:

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր 6 թեկնածու, ընդ որում՝ 5-ը իշխող ՀՀԿ-ից: Հետագայում թեկնածուներից 5-ն ինքնաբացարկ են հայտնել, և այժմ մնացել է միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ֊ական Ռուբեն Խլղաթյանը (լուսանկարում):

Անդրադառնալով ներկա քաղաքապետի և ավագանու աշխատանքին՝ Բալայանն ասել է, որ ավագանու բոլոր նիստերը ընթանում են փակ և գաղտնի, իսկ համայնքային իրականացված ծրագրերի մասին քաղաքապետարանը հաճախ սուտ հայտարարություններ է անում:

Քննարկման ընթացքում ՀՀԿ Արմավիրի խորհրդի նախագահ Փառանձեմ Կարապետյանն ասել է, որ կուսակցությունը որոշել էր թույլ տալ, որպեսզի ցանկացողները ինքնաառաջադրվեն:

«Կուսակցությունը որոշում չի կայացրել։ Ինչպես նրանց առաջադրումը, այնպես էլ ինքնաբացարկ ներկայացնելը եղել է այդ մարդկանց անձնական որոշման արդյունքը», – ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Ասուլիսին մասնակցող ՀԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները բացատրել են, որ իրենք թեկնածու չեն առաջադրել, քանի որ վստահ չէին, թե հաղթելու հնարավորություն կունենան։

«Այս փուլում մենք ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ չենք առաջադրել մի պարզ պատճառով: Մենք մեր հնարավորություններն ու ռեսուրսներն ենք գնահատել՝ հասկանալու համար հաղթելու հնարավորություն ունենք, թե՞ ոչ»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Մայիս Մխիթարյանը: 

Լուսանկարը՝ alttv.am