Home / Հայաստան / Բաքվի տարածքային զիջումներն էլ չեն կարգավորի Ղարաբաղյան հակամարտությունը․ Գուլուզադե

Բաքվի տարածքային զիջումներն էլ չեն կարգավորի Ղարաբաղյան հակամարտությունը․ Գուլուզադե

Հայ֊ադրբեջանական հակամարտությունը Մոսկվային թույլ է տալիս սպառնալ Երևանին և Բաքվին ու ոչնչացնել եվրոպական կողմնորոշում ունեցող ուժերն այդ երկրներում։ Minval.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կասպյան տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։

֊ Ադրբեջանը մտել է երկարատև տնտեսական անկման շրջան։ Նավթից ու գազից ստացվող նվազած եկամուտները թույլ կտա՞ն պահպանել դիրքորոշում, որը կարող է թելադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ու խաղաղ տարբերակներ։

֊ Երկրի դիրքորոշումն անփոփոխ կմնա։ Այդ դիրքորոշումն արդար է, այն սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե մենք զիջենք տարածքային ամբողջականությունը, դա չի կարգավորի հակամարտությունը, քանի որ ղարաբաղյան խնդիրը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հակամարտության շնորհիվ երկիրը պահպանում է Բաքվի ու Երևանի նկատմամբ ազդեցության լծակները։ Հայաստանում կան եվրոպամետ կողմնորոշում ունեցող բավարար թվով ուժեր։ Երբ հայ֊ռուսական հարաբերությունները դժվարությունների են բախվում, Մոսկվան անմիջապես վախեցնում է նրանց՝ ասելով, որ եթե երես թեքի Երևանից, Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, կոչնչացնի նրանց։ Իսկ Ադրբեջանին վախեցնում է նրանով, որ Հայաստանը կարող է պատերազմ սկսել, ու բոլոր նավթագազային խողովակաշարերը կարող են ոչնչացվել։ Քանի դեռ չի լուծվել ռուս֊ամերիկյան դիմակայության հարցը, չի լուծվի նաև ղարաբաղյան հակամարտությունը։