Home / Հայաստան / Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ դատախազության դեմ ՀԿ֊ի հայցը

Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ դատախազության դեմ ՀԿ֊ի հայցը

ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հայցադիմումն ընդդեմ ՀՀ Դատախազության: Հայցով պահանջվում է հրապարակել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը, որով գլխավոր դատախազ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցել:

«Փետրվարի 3-ին դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ Գևորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը փոխանցելու խնդրանքով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: 

Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունն առ այսօր չի տրամադրել նամակի պատճենը»,֊ ասված է ՀԿ֊ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանից պատասխան չի ստացել։ ՌԴ դատախազությունը, սակայն, պատասխան էր ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  հարցմանը՝ ընդգծելով, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը հայկական կողմին հանձման ենթակա չէ։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովին գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։

Լուսանկարը՝ Pastinfo.am֊ի