Home / Հայաստան / ՀԿ-ն առաջարկում է միասին պայքարել ձկնարտահանման ոլորտում ՌԴ֊ի արգելքների դեմ

ՀԿ-ն առաջարկում է միասին պայքարել ձկնարտահանման ոլորտում ՌԴ֊ի արգելքների դեմ

Հայաստանից դեպի Ռուսաստան ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսվարող, 6-ին էլ ռուսաստանյան պատկան մարմինները ժամանակավոր արգելել են արտահանում իրականացնել: Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Այսօր «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ֊ի նախագահ Արթուր Աթոյանը լրագրողների հետ հանդիպմանն առաջարկել է 6 ձկնարտադրողներին դիմել իրենց կազմակերպությանը, որպեսզի միասնական ուժերով հնարավոր լինի պաշտպանել իրենց խախտված իրավունքները:

Աթոյանի խոսքով՝ ձկնարտահանողների համար պայմանների խստացում է տեղի ունեցել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Վեց ընկերություններին արտահանումը արգելելուց բացի, խստացվել են ստուգումները ևս 4 հայկական կազմակերպություններում, դրանք հայտնվել են ռիսկային խմբում:

Աթոյանը նաև հայտնել է, որ եթե նախկինում Ռուսաստան ուղարկվող ձկնամթերքը համարվում էր «արտահանում», ապա ԵՏՄ նոր որոշումներով դա «տեղափոխում է»: Աթոյանի խոսքով՝ ԵՏՄ կողմից ընդունվել է նոր որոշում, որի համաձայն ստեղծվելու է ռեեստրների վարման միասնական համակարգ, սահմանվելու է ձկնարտադրող կազմակերպությունների կոնկրետ ցանկ, որը կարող է զբաղվել այդ գործունեությամբ:

Epress.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն ասել է, որ 6 կազմակերպություններին արտոնագիր չտալը կապված չէ ԵՏՄ անդամության հետ: Դա արդյունք է մշտապես ընթացող ստուգումների: Կազմակերպություները, բարելավելով իրենց գործունեությունը, կարող են կրկին արտահանման իրավունք ստանալ:

«Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ԵՏՄ անդամությունից հետո առայժմ մեկ զգալի փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում ԱԱՀ-ն արտահանողներին վերադարձնում էին սահմանին, ապա այժմ ռուսական շուկայում ձուկը իրացնելուց հետո վեց ամսվա ընթացքում է հայաստանյան արտադրողը ստանում փաստաթղթեր՝ ԱԱՀ-ն հետ վերցնելու համար: