Home / Հայաստան / Քաղաքացին ընդդեմ ոստիկանության․ Ֆրանսիայի նախագահի այցի օրը տեղի ունեցած դեպքի հետքերով

Քաղաքացին ընդդեմ ոստիկանության․ Ֆրանսիայի նախագահի այցի օրը տեղի ունեցած դեպքի հետքերով

ՀՀ ոստիկանությունը դատարանից պահանջում է ճանաչել, որ քաղաքացի Աննա Շահնազարյանը (լուսանկարում) չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, և նրանից 50 հազար դրամ բռնագանձել որպես վարչական տուգանք։ Շահնազարյանը, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ պահանջելով ճանաչել, որ ոստիկանության ներկայացուցիչներն իր նկատմամբ կատարած գործողություններով խախտել են իր սահմանադրական իրավունքները: Շահնազարյանը ևս դրամական պահանջ ունի՝ փոխհատուցում դատական ծախսերի համար:

Այսօր Վարչական դատարանում կայացել է գործով առաջին դատական նիստը։ Դատարանում Աննա Շահնազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին պատասխանել է ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է Տիգրան Եգորյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը, նիստի ընթացքում Մելիքյանը պատճառաբանել է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել, որպեսզի չխախտվի 2014 թվականի մայիսին Մաշտոցի պուրակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միջոցառման բնականոն ընթացքը, միջոցառման մասնակիցների համար խոչընդոտներ չստեղծվեն: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ բերման ենթարկվածները ձեռքերում ունեին վտանգավոր իրեր, օրինակ, թեյնիկներ։ Ոստիկանության ներկայացուցիչն ընդունել է, որ Աննա Շահնազարյանը ձեռքին ոչինչ չի ունեցել, պարզապես բերման է ենթարկվել, քանի որ ցանկանում էր ներխուժել այն գոտի, որը փակվել էր ոստիկանների կողմից:

Պատասխանելով հարցին՝ ինչու է բաժնում այդքան երկար տևել արձանագրությունների կազմումը՝ 3 ժամ, Մելիքյանն ասել է. «Ոստիկանները ոչ մի տեղ չէին շտապում»:

Ոստիկանության ներկայացուցչի հարցաքննությամբ այսօրվա նիստն ավարտվել է, հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին։

Վարույթում գտնվող գործը վերաբերում է անցյալ տարվա մայիսին Մաշտոցի պուրակի անվանափոխման միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ Աննա Շահնազարյանը, բողոքի ակցիա են անցկացրել պուրակի անվանափոխման դեմ այն ժամանակ:

Քաղաքացիներն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում գրել էին, որ Երևանի ավագանին պուրակի անվանափոխման որոշումը կայացրել էր գաղտնի կերպով, իսկ քաղաքացիները դրան դեմ են, քանի որ Մաշտոցի պուրակը հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշը և հարկ չկա այն կոչել Միսակ Մանուշյանի անունով: