Home / Հայաստան / Իրավապաշտպանը կասկածի տակ է դնում Ավետիսյանների գործով փորձաքննության արդյունքները

Իրավապաշտպանը կասկածի տակ է դնում Ավետիսյանների գործով փորձաքննության արդյունքները

Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին: Քննչական կոմիտեի այս հայտարարությունը, ըստ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի, էլ ավելի է խորացրել կասկածները՝ արդյոք Պերմյակովը եղել է միայնակ, թե ոչ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաքունցն ասել է, որ, եթե նույնիսկ փորձաքննության արդյունքները հիմք ընդունվեն, ստացվում է, որ այդքան կրակոց արվել է մի ինքնաձիգից, իսկ հարևանները որևէ ձայն, աղմուկ չեն լսել, ինչը տարօրինակ է և ավելի է շփոթեցնում իրավիճակը: Իրավահաջորդի ներկայացուցիչը մեկ ինքնաձիգի առկայության մասին եզրակացության վերաբերյալ կասկած է հայտնել:

Արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, արդյո՞ք խլացուցիչ է օգտագործել, այս հարցերի պատասխանները մինչև օրս թե ռուսական, թե հայկական կողմերը չեն տվել։ Սաքունցը հավատացած է՝ քննությունը չի էլ պարզի այդ կարևոր հանգամանքը, քանի որ, նրա խոսքով, ռուսական կողմը զբաղված է հանցագործությունը կոծկելով, ինչի հերթական ապացույցը Քննչական կոմիտեի հայտարարությունն էր մեկ զենքի առկայության մասին։