Home / Հայաստան / Գառնիից Արարատ ոռոգման ջուր տանելու ծրագիրն անընդունելի է․ նամակ նախագահին

Գառնիից Արարատ ոռոգման ջուր տանելու ծրագիրն անընդունելի է․ նամակ նախագահին

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Նման եզրակացությունից հետո Գառնի համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով կասեցնել Քաղցրաշենի ծրագիրը:

Համայնքի բնակիչներն ավելի վաղ նշել են, որ Քաղցրաշենի ծրագրի շնորհիվ Արարատի մարզի 12 համայնքներ ոռոգվելու են Գառնիի կիրճով անցնող Ազատ գետից ու Ազատի ջրամբարից, իսկ իրենց համայնքը և հարակից բնակավայրերը զրկվելու են ջրից:

«Ծրագիրը մեր` բնակիչներիս կողմից անընդունելի է: Նախագծող կազմակերպությունը բերել է գետի՝ 60 տարվա վաղեմություն ունեցող դիտարկման արդյունքներ, որոնք չեն համապատասխանում վերջին մի քանի տարիների ջրի իրական ծավալներին: Գետը խիստ սակավաջուր է դարձել, և հորդացումներ չեն դիտվում, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում և չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման ջրի կարիքը: Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները և մի հսկա տարածաշրջան, որի գեղեցկությունը մշտապես դյութել է զբոսաշրջիկներին։

Ջրատար խողովակի ամբողջ երկայնքով Ազատի կիրճում (մոտ 9կմ) Գառնիի բնակիչներն ունեն սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց ոռոգումը, բնականաբար, կատարվում է գետից: Ջրատարի կառուցումից հետո գետում իջնում է ջրի մակարդակը, և այս հողերը զրկվում են ոռոգման ջրից:

8.000 բնակչություն ունեցող Գառնի համայնքը խմելու և ոռոգման ջրի խիստ կարիք ունի, 700-800 հա տարածություն ամայացել է ոռոգման ջրի պակասի պատճառով: Նախագծում նշված է, որ Արարատի մարզի վերոնշյալ 12 համայնքներում փաստացի ոռոգվում է 1232,0 հա տարածք, Ազատ գետի ջրի շնորհիվ կոռոգվի լրացուցիչ ընդամենը 387 հա տարածք: Ինչո՞ւ պետք է հսկայական գումարներ ծախսվեն 387 հա լրացուցիչ հողի ոռոգման համար, երբ Գառնիի մոտ հազար հեկտար հողատարածքը մնում է առանց ջուր․․․

Անհետացման վտանգի տակ կհայտնվեն Ազատ գետում բազմացող ձկնատեսակները` կարմակն խրամուլին, կարմրախայտը, ծածանաձուկը և այլն. նախ շինարարության ընթացքում գետի աղտոտումը կվնասի ձկներին, երկրորդ, եթե շահագործման արդյունքում ամռան տապին գետում ջուր չմնա, ապա բնական է, որ ձուկը կվերանա», ֊ մասնավորապես, նշված է Ecolur.org֊ի կողմից հրապարակված գառնեցիների նամակում:

Նրանք ընդգծում են, որ պատրաստ են ամեն գնով պայքարել ծրագրի դեմ՝ «Գառնիի բնաշխարհը եղեռնից փրկելու համար»։

Նախորդ տարվա հուլիսին Epress.am֊ի հետ զրույցում գառնեցիները նախագիծը կապել էին Հովիկ Աբրահամյանի բիզնես շահերի հետ։ Ավելի ուշ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը հայտարարել էր, որ փաստաթղթով չի ապացուցվում, թե Հովիկ Աբրահամյանի հողատարածքը ոռոգվելու է Գառնիից եկած ջրով։