Home / Հայաստան / Դատապարտյալը չի ուզում ուղղվել, քանի որ նրան, միևնույն է, վաղաժամ չեն ազատելու․ քննարկում

Դատապարտյալը չի ուզում ուղղվել, քանի որ նրան, միևնույն է, վաղաժամ չեն ազատելու․ քննարկում

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում գրեթե չի գործում, քանի որ դատապարտյալների դիմումներով զբաղվող հանձնաժողովին դիմած մարդկանց մոտ 5%֊ն է ազատ արձակվում: Այս մասին այսօր՝ մարտի 18֊ին, «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը: Նրա խոսքով՝ համակարգը «պայմանական» կոչելն անգամ սխալ է, քանի որ այդ 5%-ի դեպքում էլ չի նշվում, թե ազատելու համար ինչ պայմաններ կան։

Փորձագետի խոսքով՝ որպեսզի այս համակարգն ի վերջո գործի, երկու գլոբալ հարց պետք է լուծել. հստակեցնել՝ ինչ չափանիշներով պետք է գնահատվի կրկնահանցագործության ռիսկը և ով պետք է այդ  գնահատումն անի: 

Քննարկման մեկ այլ մասնակից, ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասել է, որ վաղաժամկետ ազատման համակարգի բացակայությունը բերել է նրան, որ դատապարտյալների մոտ չկա ուղղվելու մոտիվացիա: 

«Համակարգի չաշխատելու մասին խոսում են և՛ դատապարտյալները, և՛ քրեակատարողականների աշխատողները: Եթե ուղղման ռեսուրսը չի աշխատում, ուղղման աշխատանքների արդյունավետությունը ձգտում է զրոյի: Ինչո՞ւ պետք է դատապարտյալը կարգը պահի, ուղղման ենթարկվի, եթե այսպես, թե այնպես նստելու է մինչև վերջ: Եթե ինքը ուղղվի, արդյո՞ք իրեն կընդունի քրեակատարողական հիմնարկի մթնոլորտը՝ ոչ: Նույնիսկ 10 տարի հետո, երբ նա վերադառնա հասարակություն, ունենալու է նույն ագրեսիան, այսինքն՝ ոչ մի փոփոխություն չի լինելու»,- ասել է Ռուբեն Սարգսյանը:   
  
Սարգսյանի դիտարկմամբ՝ այժմ վաղաժամկետ ազատման հարցով զբաղվող հանձնաժողովի խնդիրներից մեկն այն է, որ դրա անդամները հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ են, որոնց մոտ  ավելի շատ պատժիչ, սովետական մոտեցումն է, այլ ոչ թե ուղղման աշխատանքներով զբաղվելու ցանկությունը: Բացի դա, հանձնաժողովին տրված են դատարանի լիազորություններ, այսինքն՝ դրա որոշումները բողոքարկման ենթակա չեն և սա ամենաթողության ռիսկ է առաջացնում: