Home / Հայաստան / Ուկրաինացի պաշտոնյան կոչ է անում հաշվել․ ո՞վ է դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

Ուկրաինացի պաշտոնյան կոչ է անում հաշվել․ ո՞վ է դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հիմնականում երկու հարց է շրջանառվել. ինչո՞ւ է հայկական կողմը դեմ քվեարկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մասին բանաձևին և ինչու է ուկրաինական պատվիրակությունը դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ բանաձևին: Հարկ է նշել, որ երեկ կայացած քվեարկությունը գաղտնի է եղել, ու իրականում հստակ չէ՝ ովքեր ում դեմ են քվեարկել։

Լրագրողներն անընդհատ բանաձևերին վերաբերող հարցեր էին տալիս «Եվրանեսթ»֊ի համանախագահ, ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկին։ Վերջինս լրագրողներին խորհուրդ էր տալիս թվերի հետ ուշադիր լինել: Նրա խոսքով՝ որոշումը, որը կոչ էր անում Ռուսաստանին այլևս զենք չուղարկել Դոնբասի անջատողականներին և դադարեցնել տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, ստացել է ընդամենը 9 դեմ ձայն:

«Ես գիտեմ հայ պատվիրակների, որոնք հաստատ կողմ են քվեարկել: Այնպես որ, հայտնի չէ՝ ովքեր էին այդ 9 դեմ ձայները: Ուղղակի նման մի բանաձև մայիսին ընդունվել է նաև ՄԱԿ-ում, երբ 100 երկիր դատապարտեցին Ռուսաստանի ագրեսիան, Հայաստանը, սակայն, այդ ժամանակ հակառակ բանակում էր, որը պաշտպանում էր Ռուսաստանին», – ասել է Տարասյուկը:

Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևի հարցում Ուկրաինայի պատվիրակության դիրքորոշումը Տարասյուկը բացատրել է նրանով, որ իրենք՝ Ուկրաինայում, մտածում են, որ հարկավոր է ճանաչել բոլոր ցեղասպանությունների զոհերին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նման հանցագործությունները:

«ՄԱԿ-ի 88 երկիր դատապարտել է Հոլոդոմորի ցեղասպանությունը, Հայաստանը, սակայն, այդ երկրների շարքում չէր: Հոլոդոմորը մենք համարում ենք ցեղասպանություն, քանի որ 32-33 թվականններին ստալինյան իշխանությունների կողմից ստեղծված արհեստական սովի տարիներին մահացել է 9 միլիոն ուկրաինացի»,- ասել է Բորիս Տարասյուկը:

Հարցին, թե ինչու է Ուկրաինան, այդ դեպքում, ճանաչել Հոլոքոստը, եթե Իսրայելը չի ճանաչել Հոլոդոմորը, Տարասյուկն ասել է, որ դրա հետևանքով նաև 7 միլիոն ուկրաինացի է մահացել, ապա կրկին կոչ է արել թվաբանությանը ուշադրություն դարձնել:

«Ցեղասպանության բանաձևին դեմ է քվեարկել 4 հոգի, Ուկրաինայի պատվիրակությունում կա 9 հոգի», – ասել է նա: