Home / Հայաստան / Իրավական ուժ ունեցող պայմանագրային հիմք դեռևս չի ձևավորվի․ ԵՄ֊Հայաստան հարաբերությունների մասին

Իրավական ուժ ունեցող պայմանագրային հիմք դեռևս չի ձևավորվի․ ԵՄ֊Հայաստան հարաբերությունների մասին

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է անում զարգացնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։ Այս մասին ասված է մարտի 20-ին հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարության և առաջարկությունների նախագծի տեքստում։

«Այնուամենայնիվ, [հանձնաժողովը] ափսոսանք է հայտնում, որ մտքերի փոխանակումը դեռևս թույլ չի տալիս ձևավորել իրավական ուժ ունեցող պայմանագրային հիմք այդ հարաբերությունների ապագայի համար, հատկապես հաշվի առնելով 1999 թվականի Գործընկերության և համագործակցության պայմանագրի հնացած լինելու փաստը», ֊ նշել են հայտարարության հեղինակները:

Հանձնաժողովը լիովին աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակներում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցմանը՝ գործընկերների տարբեր աստիճանի հնարավորություններին և ցանկություններին համապատասխան:

Հայտարարության մեջ ընդգծվում է հարաբերությունների գոյություն ունեցող հիմքերի վերանայման և թարմացման կարևորությունը։ Հանձնաժողվը հավատացած է, որ Հայաստանի և ԵՄ֊ի միջև կնքվելիք ապագա համաձայնագիրը պետք է ապահովի հարաբերությունների հետագա զարգացման ապագային միտված շրջանակ` խրախուսելով և ուժեղացնելով քաղաքական հարաբերություններն և տնտեսական համագործակցությունը: Հայտարարությունն ընդգծում է, որ ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման և Հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարից, ինչը կմեծացնի մարդկային շփումները Հայաստանի և ԵՄ-ի միջև. «Հանձնաժողովն բավարարվածությամբ ընդգծում է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Վիզաների դյուրացման եւ Հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ եւ հավանություն է տալիս ապագա քայլերին, որոնք միտված են լինելու Վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսմանը՝ ուղղված, իր ժամանակին, Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդության ռեժիմի հաստատմանը»:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը վկայակոչում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի պատմական բանաձևը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր պետություններին կոչ է անում ճանաչել այն, խրախուսում է անդամ պետություններին և ԵՄ կառույցներին հետայսու ևս նպաստել դրա ճանաչմանը և հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Այնուամենայնիվ, հանձնաժողովը քաջալերվում է փաստով, որ վերջին տարիներին խնդիրը բաց և հանրային քննարկման առարկա է դարձել բուն Թուրքիայում:

«Հանձնաժողովը լիահույս է, որ այս կապակցությամբ անցյալից մնացած ժառանգությունը կարող է հաղթահարվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն փակված սահմանի բացմամբ, ուստի աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, հուսով, որ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում որևէ երկրի մեկուսացմանը վերջ դնելուն», ֊ ասված է տեքստում:

Հանձնաժողովը նաև խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդկային կորուստների համար և ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում՝ աջակցելու վստահության մթնոլորտի հետագա ձևավորմանը։ ԵՄ֊Հայաստան խորհրդարանական հանձնաժողովը նաև համոզմունք է հայտնում, որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին ստանձնել քաղաքական առավել լայն հանձնառություն, միեւնույն ժամանակ, խստորեն դատապարտելով հրադադարի մասին համաձայնագրի բոլոր խախտումները։

«Հանձնաժողովը ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի զարգացնելու և ուժեղացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, արձանագրում է, որ տարիների ընթացքում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և օժանդակությունը առանցքային նշանակություն է ունեցել բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման ու դրանց կայունության և ինստիուցիոնալ կարողությունների ձևավորման համար, կոչ է անում ԵՄ-ին հայաստանյան բարեփոխումների տեմպին և տնտեսական կարիքներին համարժեք շարունակական աջակցություն ցուցաբերել՝ տարբերակման և ավելին ավելիի դրմաց սկզբունքներին համապատասխան», ֊ եզրափակում են հայտարարության հեղինակները: