Home / Հայաստան / Նախագահները փոխվում են, իսկ Ռուսաստան֊Հայաստան հարաբերությունների ձևաչափը նույնն է մնում

Նախագահները փոխվում են, իսկ Ռուսաստան֊Հայաստան հարաբերությունների ձևաչափը նույնն է մնում

Հայաստանը չի կարող անել այնպես, որ Ռուսաստանը զինամթերք չմատակարարի Ադրբեջանին։ «Էխո Կավկազա»֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը։

«Ռուսաստանն Ադրբեջանում իր շահերն ունի։ Ադրբեջանը, այնպես, ինչպես Հայաստանը, Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի, ու այն զենք է մատակարարում թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Ցավում եմ, բայց Հայաստանը չի կարող անել այնպես, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չմատակարարի։ Այսինքն՝ կա խնդիր, այն մտահոգում է մարդկանց, Հայաստանի ներսում դրա վերաբերյալ առկա են քննարկումներ․ դրան լուծում տալ, սակայն, ներկայումս անհնար է»,֊ ասել է քաղաքագետը։

Իսկանդարյանի խոսքով՝ որպեսզի Մոսկվան խախտի հավասարակշռությունը, պետք է փոխվեն Ռուսաստանի նպատակները տարածաշրջանում․ «Մեր տարածաշրջանում Ռուսաստանին երկու բան պետք չէ՝ նրան պետք չէ խաղաղություն ու պետք չէ պատերազմ։ Հետևաբար, նման մատակարարումները տիրող իրավիճակն անփոփոխ են թողնում։ Դա հենց այնպես չի արվում, ու այդպես էլ շարունակվելու է։ Թե 50 տարի անց ինչ կլինի, ես չգիտեմ, բայց այսօր տարվող քաղաքականությունը նոր չէ, այն 20 տարեկան է, ու, իհարկե, շարունակվելու է։ Դեռևս 90֊ական թվականների սկզբից գոյություն ունի Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունների որոշակի ձևաչափ։ Ռուսաստանում ու Հայաստանում նախագահները փոխվել են, իսկ ձևաչափը պահպանվում է։ Ներկայումս հիմքեր չկան կարծելու, որ այն կարող է փոխվել»,֊ ասել է Իսկանդարյանը։