Home / Հայաստան / Ինչու են ՀՀԿ֊ականներն առաջարկում դատապարտել միայն ասորիների և հույների ցեղասպանությունը

Ինչու են ՀՀԿ֊ականներն առաջարկում դատապարտել միայն ասորիների և հույների ցեղասպանությունը

ԱԺ-ն քննարկում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Օրինագիծը նստաշրջանի օրակարգ է մտցվել փետրվարի վերջին և քննարկվում է արդեն այս քառօրյայում:

Քննարկման ժամանակ պատգամավորներից մի քանիսը հարցրել են, թե ինչու է նախագիծն առաջարկում դատապարտել Օսմանյան Թուրքիայում միայն ասորի և հույն փոքրամասնությունների ցեղասպանությունը՝ չնշելով այլ փոքրամասնությունների դեմ կատարվածը, օրինակ, եզդիների և քրդերի:

Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը հիշեցրել են, որ Շարմազանովը վերջերս հանդիպել էր Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Խնդիրը եզդիների մեջ չի, խնդիրը այլ բանի մեջ ա, որ այս նախագծին մենք այլ նախագիծ ավելացնենք: Թե իրավական փաստաթղթերով և թե պատմագիտական նյութերով նախադեպերը հետևյալն են․ եղել է քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություն: Եթե եղել է այլ ցեղասպանություն, ունեն փաստեր, թող ներկայացնեն»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նախագծի հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանն իր հիմնավորումներում ասել է, որ Հունաստանի խորհրդարանն էլ դատապարտել է հայերի ցեղասպանությունը, իսկ ասորիները չունեն պետականություն, բայց իրենց ազգային կառույցներով միշտ եղել են հայ ժողովրդի կողքին:

«Մենք հիմա քննարկում ենք հույների, ասորիների հարցը՝ հենվելով արխիվային փաստաթղթերի վրա և հատկապես երիտթուրքերի՝ Սալոնիկիի գաղտնի ժողովի հայտարարությունների վրա, որտեղ ասվում է կայսրության քրիստոնյա բնակչությանը՝ հայերին, հույներին ու ասորիներին ոչնչացնելու և տեղահան անելու մասին»,- ասել է Շիրակ Թորոսյանը:

Պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցին, թե արդյոք որպես պատմաբան համարում է, որ ցեղասպանություն կատարվել է նաև քրդերի և եզդիների հանդեպ, Թորոսյանն ասել է. «Հակառակը՝ Հայոց ցեղասպանության մեջ էական դերակատարություն են ունեցել հենց քրդերը՝ կաշառված լինելով թուրքական իշխանությունների կողմից»:

Հրանտ Բագրատյանն առաջարկել է միանգամից դատապարտել նաև Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի և Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանությունները: Շարմազանովը, սակայն, պատասխանել է, որ իր նախագիծը միայն հույների և ասորիների մասին է, իսկ այլ պատգամավորներ ազատ են այլ ցեղասպանությունների մասին օրինագծեր պատրաստել: