Home / Հայաստան / Թուրքիայում 100֊ից ավել մարդ մեղադրվում է Էրդողանին վիրավորելու մեջ

Թուրքիայում 100֊ից ավել մարդ մեղադրվում է Էրդողանին վիրավորելու մեջ

Թուրքիայում 37 ուսանողներ և ուսուցիչներ կանգնել են դատարանի առջև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեղադրանքով․ ևս11 հոգի մեղադրվում է Տրապիզոնում փետրվարի 13֊ին կայացած բողոքի ցույցի ժամանակ Թուրքիայի Հավաքների ու ցույցերի մասին օրենքը խախտելու մեջ, հայտնում է Today's Zaman կայքը։

Թուրքիայի «Կրթական անձնակազմի միության» Տրապիզոնի մասնաճյուղի ղեկավար Մուհամմեդ Իկինջին, ով դատարանի առջև հայտնվածների թվում է, իր և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ասել է․ «Մարդկանց նկատմամբ այս անհանդուրժողականությունը մի երկրում, որտեղ կառավարությունը պատասխանատու է հիմնարար ազատություններն ու իրավունքները, այդ թվում՝ արտահայտվելու, երաշխավորելու համար, ցույց է տալիս, թե կառավարությունն ինչ տեսակի ռեժիմի է վերածվում»։

Փետրվարի 13֊ին մի խումբ ուսանողների և ուսուցիչների, ինչպես նաև «Կրթական անձնակազմի միության» անդամների բողոքի ցույցը կազմակերպվել էր ընդդեմ կրթության բնագավառում կառավարության քաղաքականության՝ կոչ անելով ձևավորել «աշխարհիկ և գիտական» սկզբունքների վրա հիմնված կրթական համակարգ։

Թուրքիայում վերջին ժամանակներում ավելի քան 100 անձիք, այդ թվում՝ հակակառավարական լրագրողներ ու հանրային գործիչներ, դպրոցականներ ու ակտիվիստներ, մեղադրվել են, նրանցից ոմանք՝ ձերբակալվել, Էրդողանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։ Today's Zaman֊ը գրում է, որ այս զարգացումները վկայում են այլախոհներին ու ընդդիմադիրներին ճնշելու կառավարության որդեգրած նոր մեթոդի մասին։