Home / Հայաստան / «Մոսկվիչկա» ցանցի պարտատերերը հերթ են կանգնում, բայց գումար ստանալու հույս չունեն․ «Հրապարակ»

«Մոսկվիչկա» ցանցի պարտատերերը հերթ են կանգնում, բայց գումար ստանալու հույս չունեն․ «Հրապարակ»

Ժամանակին սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ դատական վճիռների, 10 մլրդ դրամի պարտքեր ուներ տնտեսվարողներին։ Այս մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց գումարները, հայտնում է «Հրապարակ» թերթը՝ ընդգծելով, որ ներկայում նոր «քցոցի» է սկսվել։ 

Թերթի փոխանցմամբ՝ «Մոսկվիչկա» առևտրային ցանցի տասնյակ մատակարարներն ամեն օր գալիս են ցանցը գործարկող «Բիզնես֊լիդեր հոլդինգ» ՍՊԸ֊ի գրասենյակի մոտ, հերթ կանգնում։ Գործարարները, սակայն, հույս չունեն, որ կորուստները կվերականգնվեն։ 

«Մեծածախ առևտրի ոլորտում մենք շատ ժամանակ աշխատում ենք ազնիվ խոսքին ապավինելով, քանի որ չկան կորուստներից երաշխավորելու իրավական մեխանիզմներ»,֊ «Հրապարակ»֊ի թղթակցին ասել է «Բիզնես֊լիդեր հոլդինգ» ՍՊԸ֊ի պարտատերերից մեկը՝ գործարար Լևոն Ֆարմանյանը, որն զբաղվում է կաթնամթերքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով։ 

Ֆարմանյանը վստահեցրել է, որ իր տարեկան շրջանառության մոտ 10 տոկոսը կորցնում է անբարեխիղճ բիզնեսի պատճառով, և այս իրավիճակը համատարած է։ «Ես ունեմ մի տասնյակ սուբյեկտների հետ կապված դատական վճիռներ, որոնցով սահմանված է բռնագանձում, բայց հնարավոր չէ բռնագանձում իրականացնել, որովհետև հարկադիրն ասում է՝ չկա այդ սուբյեկտը կամ էլ ունեցվածք չունի»,֊ ասել է գործարարը։ 

Նշենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքին։ Նազարյանի պաշտոնանկությունից հետո «Մոսկվիչկա» ցանցի խանութները սկսել են հերթով փակվել, մամուլի հրապարակումների համաձայն, ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում