Գլխավոր / Տեսանյութեր / Սեյրան Օհանյանը բարդացնում է Ադրբեջան անցած զինվորի ծնողների վիճակը․ զոհված զինվորի մայր

Սեյրան Օհանյանը բարդացնում է Ադրբեջան անցած զինվորի ծնողների վիճակը․ զոհված զինվորի մայր

Առաջին անգամը չէ, որ բանակում տեղի ունեցած միջադեպ մեկնաբանելիս Սեյրան Օհանյանը մեղադրում է զինվորի ընտանիքին: Այս մասին այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Epress.am֊ին ասել են բանակում զոհված զինծառայողների ծնողները՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմն անցած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին նախարարի հայտարարությանը: Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ, նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:   

Զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հիշեցրել է, որ ՊՆ-ի գործելաոճն է ոչ միայն սահմանի հատման, այլև ինքնասպանությունների, սպանությունների, բռնաբարությունների ու նվաստացումների դեպքերը բացատրել զինակոչիկի «անդաստիարակ լինելով»:

«Երբ բռնաբարում են, ընտանիքն է մեղավոր, երբ սպանում են, դա զինծառայողի դաստիարակության պակասից է, երբ անցնում է Ադրբեջան, դա էլ է ընտանիքից: Էդ ինչո՞ւ մինչև բանակ գնալը չգնաց Ադրբեջան: Եթե իսկապես ՊՆ-ն այդպես է կարծում, ինչո՞ւ զինակոչիկների ընտանեկան վիճակը նախապես չեն ստուգում: 16 տարեկանից ուչոտի մեջ են լինում, բա թող հոգեբանական փորձաքննություն անեն այդ երկու տարում, բացահայտեն՝ ով է պատրաստ հոգեբանորեն բանակ գնալու»,- ասել է Իրինա Ղազարյանը:

Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատել է, որ Օհանյանը բացառել է Գրիգորյանի արարքի մեջ ստորաբաժանման մեղքը նաև «մեկ այլ սուտ արգումենտով», թե նա պայմանագրային զինծառայող էր:

«Նախ, նման հայտարարություն անելով, փաստորեն, նախարարն ընդունում է, որ ժամկետային զինծառայողների նկատմամբ ճնշումներ լինում են: Երկրորդ՝ սա սուտ արգումենտ է, քանի որ մենք այդքան շուտ չենք մոռացել Արտակ Նազարյանի սպանությունը: Նա ավագ լեյտենանտ էր, սակայն ոչ դա իրեն մահից փրկեց, ոչ էլ նրա գործը դատարանում արդար քննվեց»,- հիշեցրել է Մուրադյանը:

Բանակում զոհված զինվորների ծնողներին զայրացրել է նաև այն, որ հեռուստատեսությամբ Սեյրան Օհանյանը սահմանը հատած զինվորի ծնողներին համեմատել է ադրբեջանական դիվերսիայի զոհերի ծնողների հետ՝ ակնարկելով, թե վերջիններս հերոս որդիներ են տվել հայրենիքին: «Երբ ոչ մի բան պարզ չէ, այդ տղայի ընտանիքն առանց այն էլ գտնվում է բարդ վիճակում, Սեյրան Օհանյանը դեռ ավելի է բարդացնում վիճակը, որ նրանք ամաչեն իրենց որդու համար, որ հասարակության մեջ չկարողանան դուրս գալ, որ մտածեն՝ նրա որդին հերոս էր, իսկ իմ որդին՝ հակառակը»,- ասել է Իրինա Ղազարյանը: