Home / Հայաստան / Գյումրիում դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» անդամի վիճակը կայուն ծանր է. հաղորդագրություն

Գյումրիում դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» անդամի վիճակը կայուն ծանր է. հաղորդագրություն

Այսօր «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության Գյումրիի հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված Հրաչիկ Միրզոյանի վիճակը կայուն ծանր է, հայտնում է նախաձեռնության մամուլի ծառայությունը։ Դանակահարության հետևանքով ստացած ներքին արյունահոսության պատճառով հեռացրել են նրա փայծախը, կատարել արյան փոխներարկում։ Այժմ նա գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։​

Հրաչիկ Միրզոյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: Ավելի վաղ նախաձեռնությունը մեկ այլ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր՝ Գյումրիի Թատերական հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլել էին, անհարկի ծափահարություններով խանգարել ելույթները։

«Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այդ ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։

Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին։ Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին», – նշված է հաղորդագրության մեջ։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը նախաձեռնել է «Հիմնադիր խորհրդարանը»: Շարժման նպատակն է հեռացնել Հայաստանում գործող իշխանություններին: