Home / Հայաստան / Փաշինյան․ «Հուսադրող չէ, որ Գյումրիի միջադեպի մասնակիցները դեռ հայտնաբերված չեն»

Փաշինյան․ «Հուսադրող չէ, որ Գյումրիի միջադեպի մասնակիցները դեռ հայտնաբերված չեն»

«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հուսադրող չի համարում այն, որ մինչև այս պահը Գյումրիում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեև բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ այսօր հեռախոսով զրուցել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ:

«Իմ և ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության և անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և կարևորեցի տեղի ունեցածի ամբողջական և համոզիչ բացահայտումը, այդ թվում և իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:

Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, ֊ գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» տարածել էր երիտասարդի լուսանկարը, որը, նրանց պնդմամբ, Գյումրիում իրենց հրավիրած հանրահավաքի ժամանակ դանակահարել է Հրաչիկ Միրզոյանին: