Home / Հայաստան / Գարեգին Բ֊ի դուստրը Երևանում դեղատուն ունի․ «Հրապարակ»

Գարեգին Բ֊ի դուստրը Երևանում դեղատուն ունի․ «Հրապարակ»

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ֊ին մոտ կանգնած անձը տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթին, որ «կաթողիկոսի աղջիկը Սարյան փողոցի վրա դեղատուն ունի»։ Աղբյուրը նշել է, որ դստեր անունը Խաթուն է, Գարեգին Բ֊ն նրան կոչել է իր մոր անունով։

Թերթի լրագրողն այցելել է Սարյան 16 հասցեում գտնվող «Curatio» ընկերության դեղատուն և հարցրել է Խաթուն Կտրիճովնային (Կտրիճը Գարեգին Բ֊ի աշխարհիկ անունն է)։

Վերջինս տեղում չի եղել, դեղատան աշխատողները փորձել են կապ հաստատել նրա հետ, բայց վերջինս չի պատասխանել։ Ավելի ուշ թերթի թղթակցին զանգահարել է Արթուր անունով մի տղամարդ, ով ներկայացել է որպես դեղատան տնօրեն և ասել․ «Եթե Ձեզ Խաթուն Կտրիճովնան է պետք, ուրեմն նրա հետ պետք է հանդիպեք, ամենայն հավանականությամբ, Դուք երևի թե այլ հարցով եք նրա հետ, ես չգիտեմ, բայց եթե կապված է դեղատան հետ, ուրեմն խնդրում եմ դեղատան բոլոր հարցերով ինձ դիմեք»։

Երբ լրագրողը հարցրել է՝ ի՞նչ կապ ունի Խաթուն Կտրիճովնան դեղատան հետ, Արթուրը պատասխանել է․ «Ազիզ ջան, դա Ձեզ չի վերաբերվում ընդհանրապես»։

Թերթը ինտերնետում որոնման արդյունքում հայտնաբերել է Խաթուն Կտրիճովնա Գրիգորյանցին, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը։

«Անուն֊ազգանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը։ Իսկ դեղատան տնօրենը, ով մեզ դիմելիս «ազիզ ջան» արտահայտությունն էր օգտագործում, Արթուր Չերքեզյանն է, մասնագիտությամբ՝ ռեանիմատոլոգ», ֊ եզրափակում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում