Home / Հայաստան / Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու խնդրով զբաղվում են, վստահեցրել են նախագահականից

Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու խնդրով զբաղվում են, վստահեցրել են նախագահականից

Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի հարազատների նամակներն ուղղված Սերժ Սարգսյանին ընթացքի մեջ են դրվել, և պատասխանը կլինի առաջիկա երկու օրում: Այս մասին Գևորգյանի փաստաբան Վահագն Մանուկյանին էլեկտրոնային նամակով հայտնել են ՀՀ նախագահի նստավայրից:

Երկու նամակների պատասխանը ստանալու համար Գևորգյանի հարազատները նախագահական նստավայր էին եկել երեկ, սակայն նրանց խնդրել էին ապրիլի 1-ին գալ:

Գևորգյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման Ուկրաինայում՝ մեղավոր ճանաչվելով ավազակային հարձակման և երկու մարդու սպանության մեջ:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակները գրեթե նույնաբովանդակ են․ դրանցից մեկը գրվել էր դեռևս 2014 թվականի հուլիսի 11-ին, սակայն պատասխան մինչ օրս չի տրվել: Մյուս նամակը Գևորգյանի մայրը՝ Հասմիկ Վանյանը, ուղարկել էր 10 օր առաջ: Վանյանը նամակում նշել էր, որ իր որդու դեմ վճիռը ապօրինի է: Նա փաստեր էր ներկայացրել՝ ցույց տալու, որ իր որդուն Ուկրաինայում ծեծել են բերման ենթարկելիս, փաստաբան չեն տրամադրել։ Մոր խոսքով՝ որդուն ընտրել են որպես քավության նոխազ ու նրա վրա բարդել չկատարած հանցանքը: Վանյանը խնդրել է Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ քաղաքացիների հովանավոր, տեր կանգնել որդուն և արդարադատություն պահանջել:

Վանյանը դիմել է նաև ՀՀ արտգործնախարարությանը, որը գործով զբաղվել հանձնարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը:

Երեկ կինը բողոքի ակցիա էր անցկացրել նաև Ուկրինայի դեսպանատան առջև, սակայն ուկրաինացի դիվանագետը նրան հորդորել էր դիմել ՀՀ իշխանություններին:

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում.