Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի դրոշն ու ժպտերես վարունգը՝ երևանյան մանկապարտեզում (ՖՈՏՈ)

Ադրբեջանի դրոշն ու ժպտերես վարունգը՝ երևանյան մանկապարտեզում (ՖՈՏՈ)

Գնացել էի երևանյան մանկապարտեզ՝ ցերեկույթի, տեսա ադրբեջանական դրոշ, փափուկ արջուկներով ազգային անկյուն, հայ քահանայի կողմից օծված եզդի և ուկրաինացի երեխաների։

Մանկապարտեզում խունկի հոտ էր գալիս։ Ավելի վաղ եկել էր քահանան ու օծել երեխաներին, բացատրեց ավագ խմբի դայակը։ Այդ խմբում ընդգրկված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների երեխաներ, այլև՝ եզդիների, ուկրաինացիների, ռուսների, ինչպես նաև Եհովայի վկաների ու աթեիստների։

Ծնողների հետ զրույցից իմացա, որ Զատկի կապակցությամբ ցերեկույթն անցկացվում էր եկեղեցական տոնից մի քանի օր շուտ, քանի որ տոնակատարություններին մոտ՝ մորուքավոր սևազգեստ տղամարդկանց ձեռքից ձեռք են փախցնում։

Ինչպես պարզվեց, մանկապարտեզները ևս ներգրավված են «Հիշում եմ և պահանջում» արշավում, որի շրջանակում դպրոցները, մեքենաները, խանութների ցուցափեղկերը, պիջակներն ու Հայաստանում մի շարք այլ իրեր զարդարվում են անմոռուկներով՝ Հայոց ցեղասպանության 100֊րդ տարելիցի խորհրդանիշով։ Այստեղ, սակայն, ավելի հեռուն էին գնացել․ մուտքի մոտ տեղադրված ցուցատախտակը, թղթե անմոռուկներից ու այդ ծաղկի խորհրդի մասին բառերից բացի, զարդարված էր նաև Հայաստանի ու Ադրբեջանի դրոշների գույներով ներկված մատիտանկար ձեռքերով։ Սուր ճիրաններով ադրբեջանական ձեռքը ձգվում է դեպի մինարեթներով ինչ֊որ քաղաք, սակայն հայկական եռագույն ձեռքն այն թողնում է օդում կախված՝ բռնելով դաստակից։ Ցուցատախտակի տակից ուրախ նայում են ու ժպտում բադրջանը, վարունգն ու խաղողը։

01

Մեկ այլ ցուցատախտակի վրա անմոռուկների կողքին սոսնձված են անցյալ դարի գրողների ու զորավարների թևավոր խոսքեր։ Ավետիք Իսահակյան․ «Երբ Հիսուս ասաց` սիրիր թշնամուդ, այնժամ թուրքը չկար աշխարհում»։ Գարեգին Նժդեհ․ «Հաղթում են ոչ թե քանակով, այլ` որակով: Ուրեմն հարձակվիր առանց հարցնելու թշնամու քանակի մասին»։ Ներքևում՝ մեծ բերանով տանձ։

02

Մի փոքր հեռվում՝ աստիճանների տակ, տեղակայված է փոքրիկ ցանկապատով շրջափակված անկյուն՝ «պահպանենք ազգայինը» գրությամբ։ Կողքին՝ էլեկտրական մալուխներ՝ ծածկված ստվարաթղթով, ու երկու փափուկ խաղալիք։

03

Երեկույթի ժամանակ երեխաները, բղավելով ու շփոթված, պատմում ու երգում էին Զատկի տոնի խորհրդի մասին։ Ծնողները բարձրաձայն հրճվում էին, ձեռքով անում իրենց զավակներին ու ակտիվ նկարահանում։ Ներկայացման ավարտին նրանք ծաղկեփնջեր հանձնեցին մանկապարտեզի դայակներին ու տնօրինությանը։ Տնօրենը, իր հերթին, ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ծնողներից շատերը նոր տեղեկություններ ստացան Զատկի տոնի խորհրդի մասին ու մաղթեց՝ երեխաները դառնան «լավ հայ քրիստոնյաներ»։  

06

Յուրի Մ․