Home / Հայաստան / Բրայզա․ ԼՂ հակամարտության կարգավորումը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ․ «168 ժամ»

Բրայզա․ ԼՂ հակամարտության կարգավորումը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ․ «168 ժամ»

Վտանգ կա, որ այն նույն մարդիկ, ովքեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել էին ագրեսիվ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ, ևս մեկ անգամ կհամոզեն նրան՝ չլուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ավելին՝ բարձր պահել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածության մակարդակը։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան։

«Եթե ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, ապա ես չեմ կարող ասել, որ դա առաջընթացի կհանգեցնի ԼՂ հակամարտության գոտում, բայց ես գիտեմ, որ եթե ուկրաինական ճգնաժամը չկարգավորվի, ապա ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի հասնել հնարավոր չէ», ֊ ասել է Բրայզան։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես Հայաստանը կարող է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, դիվանագետը նշել է, որ Հայաստանը բավական բարդ իրավիճակում է։

«Երբ ես դեռևս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում և պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ֊ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան՝ ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ՝ որպես ամերիկացի պաշտոնյա։ Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար՝ չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, այլ ոլորտներում՝ ևս, բայց հիմնականում՝ էներգետիկ։

Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։ Լավ կլիներ, որ Հայաստանը Ռուսաստանից այդքան կախյալ չդառնար։ Բայց ես իրավիճակի մյուս ելքը ևս տեսնում եմ, և այն հետևյալն է ու, ի դեպ, հեշտ չէ։ Պետք է հավելյալ առաջընթաց լինի Հարավային Կովկասում առկա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է առաջընթաց Հայաստան֊Թուրքիա հարաբերություններում, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը տեղի ունենա։

Ես չեմ ասում, որ այս երկու գործընթացները կարող են իրար ետևից տեղի ունենալ կամ զուգահեռաբար։ Պարզապես, իմ համոզմամբ, մի գործընթացում առաջընթացը կհանգեցնի առաջընթացի՝ մյուսում ևս։

Այս երկու գործընթացները պետք է առաջ մղվեն։ Երբ սա տեղի ունենա, իրականություն կդառնա նաև Հայաստանի ապաշրջափակումը, ինչը որոշիչ գործոն կդառնա։ Սակայն, որպեսզի այս ամենը տեղի ունենա, ԱՄՆ նախագահը պետք է հստակեցնի, որ հավատում է՝ ինքն է գլխավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի հարցում։ Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի ակտիվ դերակատարությունը», ֊ նշել է Մեթյու Բրայզան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում