Home / Տեսանյութեր / Իշխանափոխությունը միևնույն է կատարվելու է, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանափոխությունը միևնույն է կատարվելու է, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կողմից կազմակերպվող «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով արտոնված հանրահավաքի օրն ու վայրն անփոփոխ են՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին «Էրեբունի» թանգարանի մոտ: Այս մասին այսօր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախաձեռնության անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Սարուխանյանը։

Նրա խոսքով՝ այսօր առավոտյան սկսված խուզարկություններն ու նախաձեռնության անդամներին բերման ենթարկելը չեն կարող խանգարել իրենց ծրագրերի իրականացմանը։

«Հանրահավաքը տեղի է ունենալու, և այս սրիկա վիճակին վերջ տալու, իշխանափոխության սկիզբը դրվելու է։ Ժիրայր Սեֆիլյանը (նախաձեռնության համակարգող ֊ խմբ․) և մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած ընթացքների։ Երբ որ արցախյան ազատամարտում նույն Ժիրայր Սեֆիլյանը մասնակցություն ուներ, եթե հարցնեիք իրան՝ դուք գիտե՞ք որ կարող ա ձեզ սպանեն, մարդը կասեր՝ իհարկե, գիտեմ։ Հիմա մեր ազատագրական շարժումը նոր փուլի մեջ է, մենք Հայաստանը և Արցախը ներառյալ ենք ազատագրում, ու, իհարկե, մենք պատրաստ ենք ու գիտենք էդ վտանգների մասին… Եթե Արագած լեռան գագաթին էլ հանրահավաքը նշանակեին, միևնույնն է իշխանափոխությունը կատարվելու է», ֊ ասել է Սարուխանյանը։

Նշենք, որ առավոտյան բերման ենթարկված նախաձեռնության ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի համաձայն, նրանց կասկածում են քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում