Home / Հայաստան / Լևոն Անանյանի որդին սրճարան է կառուցում Գրողների միության շենքի դիմաց․ «ՀԺ»

Լևոն Անանյանի որդին սրճարան է կառուցում Գրողների միության շենքի դիմաց․ «ՀԺ»

Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում գտնվող Հայաստանի գրողների միության շենքի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մայթեզրին տեղադրված հսկայական ցուցանակը, թերևս, օրինականության պատրանք ստեղծելու նպատակով է դրված․ այն վկայում է, որ կառուցվողը «Գրողների այգի» է։ Միայն թե՝ այդ «այգում», ծառերն առնված են բետոնե «շղթայի» մեջ, և ամեն ինչ հուշում է, որ այդ վայրում նոր սրճարան է լինելու։ Այդ հնարավորության մասին, սակայն, ցուցանակի վրա որևէ բառ չկա։ Նշում չկա նաև կատարվող աշխատանքների համար քաղաքապետարանի թույլտվության, դրանք իրականացնող կազմակերպության, ժամկետների և այլնի մասին, ինչը պարտադիր է օրենսդրորեն։

Հայաստանի գրողների միությունում երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ տարածքը վարձակալության է տրվել «Լևոն և Հայկ» ՍՊԸ-ին 2012 թվականի հուլիսին տասը տարի ժամկետով։ Թե որքա՞ն է վարձակալության գումարը, այստեղ չասացին՝ միևնույն ժամանակ հավելելով, որ վճարումները կկատարվեն միայն մայիսից։ Ուշագրավ է, որ միությունում համոզված են, թե նշված տարածքում շուտով սրճարան է գործելու։ Դա հաստատվել է նաև ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքում։ «Մեր պայմանն է եղել, որ այս սրճարան-պուրակում գրական-մշակութային միջավայր ստեղծվի, ցերեկը մի գավաթ սուրճի սեղանի շուրջ պոեզիա ընթերցվի։ Գուցե էրկան լինի՝ ֆիլմեր դիտելու», – ասել է նա՝ վստահեցնելով, որ խնդրո առարկա տարածքը նշած նպատակով վարձակալության հանձնելու հարցը քննարկվել է միության նախագահության նիստում ու հավանության արժանացել։

«Հայկական ժամանակ»-ին հաջողվել է պարզել, սակայն, որ «Լևոն և Հայկ» ՍՊԸ-ի երկու հիմնադիրներից մեկը Դավիթ Անանյանն է՝ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որդին ու «Անելիք» բանկի Նոր Նորքի մասնաճյուղի կառավարիչը։ Միությանը պատկանող այդ հողակտորը Լևոն Անանյանը, փաստորեն, իր մահից շուրջ մեկ տարի առաջ վարձակալության է հանձնել տղային։ Ի դեպ, այդ գործը կազմակերպելու տարում էլ՝ նույն 2012-ի հունիսին, «Լևոն և Հայկ» ընկերությունը հիմնադրվել է։

Ինքը Դավիթ Անանյանն օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ոչ հերքել է, որ Գրողների միության շենքի կողքին սրճարան է գործելու, ոչ էլ հաստատել դա։ Միայն առաջարկել է իրականացվող աշխատանքների մասին ծանոթանալ տարածքում տեղադրված ցուցապաստառից։ Նա ոչինչ չի պատասխանել նաև քաղաքապետարանի թուլյտվությունն ունենալու մասին։ «Խնդրում եմ մի՛ ձայնագրեք, ես հարցերի չեմ պատասխանում», – ասել է Դավիթ Անանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ wikipedia.org